Հայկական ատոմային էլեկտրակայանի թիվ 2 էներգաբլոկը 50-օրյա պլանային դադարից հետո նախատեսվածից 4 օր շուտ վերադարձել է բնականոն աշխատանքի՝ 380 մգՎտ հզորությամբ եւ անվտանգության ու հուսալիության նորմերի պահպանմամբ։

ՀԱԷԿ-ում նաև կայանի հովացման երկու աշտարակներն են կապիտալ նորոգվում, գործող ենթակայանի փոխարեն  շուտով նորը կկառուցվի։ Ատոմակայանն այս պահին երկրի ամենաէժան հոսանք արտադրող կայանն է։ Բայց էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում էլ արմատական բարեփոխումներ են սկսվել, որոնք կարող են թեթեւացնել սպառողի ծախսը։



Մոտ 50 օր աշխատանքները դադարեցրած Մեծամորի ատոմակայանը նախատեսվածից 4 օր շուտ միացել է էներգետիկ համակարգին։ Սա՝ անձնակազմի արդյունավետ աշխատանքի շնորհիվ՝ պարզաբանում են ՀԱԷԿ-ում։ Հայաստանում ամենաէժան հոսանք արտադրող կայանը կանգնել էր հերթական պլանային աշխատանքների պատճառով։ Մինչ ցանցին վերամիանալն արդեն ավարտվել էր կայանի ռեակտորի լիցքավորումը։ Տարին մեկ անգամ լիցքավորման ժամանակ 349 վառելիքային կասետ է տեղադրվում։

ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Մովսես Վարդանյանն արձանագրում է՝

«Այժմ որոշ աշխատանքներ ենք կատարում, որպեսզի ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը երկարաձգենք մինչև 2026 թվականը։ Հյկական ատոմային կայանը, որպես շահագործոաղ ընկերություն, որոշում է կայացրել դրանից հետո արդեն երկրորդ էներգաբլոկի աշխատանքները ևս տասը տարով երկարաձգել՝ մինչև 2036 թվականը»։

2021-ին ՀԱԷԿ-ը նախատեսված 141 օրվա փոխարեն կանգնել էր 166 օր։ ՏԿԵ նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանն ընդգծում է՝ հաջորդ տարի, հավանաբար, շահագործման երկարաձգման աշխատանքները կավարտվեն։ Դրանից հետո ատոմակայանի աշխատանքը կդադարեցվի ավելի կարճ ժամկետով՝ ըստ նախատեսվածի՝ տարեկան մոտ 50 օր։ Անցյալ տարի արդիականացվել է ռեակտորի ակտիվ գոտու սառեցման վթարային համակարգը։

«Կառուցվել է նոր սերնդի՝ Ֆուկուսիմայի վթարից հետո մշակված չափանիշերով աշխատող անվտանգության համակարգ։ Վթարային համակարգը գործում է վթարը լոկալիզացնելու, արագ սառեցնելու և համապատասխան քանակությամբ ջուր մղելու միջոցով, ինչը համապատասխանում է ՄԱԳԱՏԷ-ի պահանջներին»։

ՀԱԷԿ-ում նաև  կապիտալ նորոգվում են կայանի հովացման երկու աշտարակները։ Գործող ենթակայանի փոխարեն  շուտով նորը կկառուցվի։ Նախատեսվում է ևս մեկ պահեստարան կառուցել՝ օգտագործված վառելիքը պահելու համար։ 1990-ականներից, երբ փակվեց երկաթուղին, Հայաստանից օգտագործված վառելիք չի արտահանվել։ Մինչ այդ այն ՌԴ էր արտահանվում։ ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Մովսես Վարդանյանը տեղեկացնում է․

«3 շինություն արդեն կառուցված է, չորրորդի համար ունենք բոլոր պահեստամասերը։ Կկառուցենք։ Մենք մինչև 2034-2036թթ միջուկային վառելիքի պահպանման խնդիր չունենք»։

Հունվար-ապրիլին Հայաստանում արտադրվել է 3,1 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա՝ 2021թ.ից 14 տոկոսով ավելի։ Սակայն ատոմակայանն առանձին վերցրած այս տարվա առաջին չորս ամսում մոտ 3․5 տոկոսով պակաս էլեկտրաէներգիա է արտադրել։ ՀԱԷԿ-ի աշխատանքի դադարի ժամանակ հոսանքի պակասը լրացվել է ՋԷԿ-երի հոսանքի հաշվին․ դրանց արտադրությունն աճել է մոտ 56 տոկոսով։

ՀԱԷԿ-ի դադարի ընթացքում հոսանքի հիմնական մատակարարը Հրազդանի ՋԷԿ-ն էր, որի արտադրած էլեկտրաէներգիան էլ, սակայն, ամենաթանկն է։ ՀԾԿՀ-ն 2022-2023թթ․սակագնային տարվա համար այս կայանից մինչեւ հունիս 60 մլն կվտ/ժ հոսանք է պատվիրել, բայց մայիսի վերջի դրությամբ արդեն Հրազդանի ՋԷԿ-ն առաքել է 263 մլն կՎտ/ժ՝ 4․4 անգամ ավելի։

Հոսանքն ավելի է առաքվել, քանի որ համակարգում վթարներ են եղել՝ պարզաբանում է «Հրազդան ՋԷԿ» -ի արտադրատեխնիկական բաժնի պետ Անահիտ Տիգրանյանը․

«Հրազդանի ՋԷԿ-ի սակագինը 1 կՎտ/ժ-ի համար 33․46 դրամ է, մյուս ջերմային կայանների համեմատ այս ՋԷԿ-ի արտադրած հոսանքի սակագինը բարձր է, քանի որ դրանք գազատուրբինային կայաններ են, իսկ սա 1970-ականների շոգետուրբինային կայան է։ Հիմնականում սրանով է պայմանավորված բարձր սակագինը»։

Արդեն կես տարի է՝ Հայաստանում էլեկտրաէներգիայի շուկան ազատականացված է։ Նոր մոդելը ենթադրում է, որ սպառողը կարող է հոսանք ձեռք բերել նոր մատակարարներից՝ ավելի ցածր գնով։ Մինչ այժմ ՀԷՑ-ը հոսանք արտադրող բոլոր կայաններից վերցնում էր հոսանքը ու բաշխում սպառողին՝ ձևավորելով միջինացված վերջնական սակագինը։ Շուկայի ազատականացումը, ըստ փորձագետների, էներգետիկ համակարգում առնվազն երկու հիմնական հարց է լուծելու։

Առաջինը կարևոր է սպառողի համար՝ արտադրող կայանները կսկսեն մրցակցել ու սակագին իջեցնել։ Երկրորդը կարևոր է Հայաստանի համար․ մեր երկիրը կարող է նոր դեր ստանձնել տարածաշրջանային էներգետիկ առևտրում: Այժմ էլ մեր երկիրը հոսանք է արտահանում։ Միայն այս տարվա առաջին եռամսյակում՝ 170 մլն կՎտ/ժ հոսանք է արտահանվել Վրաստան։ 2017թ․-ից հետո նման ծավալի արտահանում չի եղել։ Հայաստանը նախկինում չէր կարողանում արտահանել, քանի որ գները մրցունակ չէին։

Այս տարի պատկերը փոխվել է։ Պարզաբանում կա՝ արտահանմանն օգնել է Եվրոպայում գազի  թանկացումը։ Ադրբեջանը ձմռանը դեպի Վրաստան հոսանքի հիմնական արտահանողն էր, սակայն կրճատել է արտահանումը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն