«Սա, մեղմ ասած, ճակատագրական սխալ է»․ ձերբակալվել է հողի տակ թմրանյութ թաքցնող և լուսանկարող երիտասարդը
Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի ծառայողները հունիսի 17-ին` ժամը 12.55-ին, Նոր Նորքի 5-րդ զանգվածում ծառայություն իրականացնելիս նկատել են հողի մեջ ինչ-որ բան թաքցնող և բջջայինով այդ գործողությունը լուսանկարող երիտասարդի։
Այս մասին հայտնում են ոստիկանությունից։
«Կասկածը, որ նա թմրանյութ է տեղադրում, հաստատվեց շուտով:
Երիտասարդը, տեսնելով մոտեցող պարեկներին, փորձել է փախչել՝ ընթացքում գրպանից նետելով փաթեթներ։ Փախուստը կարճ է տևել: Ժամը 13.05-ին նա ձերբակալվել ու տարվել է Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն:
Պարզվել է, որ մայրաքաղաքի Օհանովի փողոցի բնակիչ, 33 տարեկան տղամարդը համացանցով մարիխուանայի փաթեթներ էր ձեռք բերել՝ տեղադրելով իրացնելու նպատակով։
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում դեպքի վայրի զննությամբ Նոր Նորքի 5-րդ զանգվածի եկեղեցու հարակից տարածքում հայտնաբերվել է ընդհանուր 33 գր․ քաշով թմրանյութի 19 փաթեթ։
Երիտասարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։
Հատկապես պատանիները փաթեթով թմրամիջոց տեղադրելուն վերաբերում են որպես վարձատրվող աշխատանքի։
Սա, մեղմ ասած, ճակատագրական սխալ է։
Թմրամիջոցով փաթեթներ տեղադրելը քրեաիրավական իմաստով ևս թմրամիջոցի իրացում է, ընդ որում’ շահադիտական նպատակներով։
Այս հանցանքի համար նախատեսված է բացառապես ազատազրկման ձևով պատիժ»,-նշված է հաղորդագրության մեջ։