Հունիսի 20-ին Կամբոջայի մայրաքաղաք Պնոմպենում դեսպան Սուրեն Բաղդասարյանը հանդիպել է Կամբոջայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարության պետքարտուղարի տեղակալ Ֆեն Սավնիի հետ։ Այս մասին տեղեկացնում է Վիետնամում ՀՀ դեսպանությունը:

Զրույցի ընթացքում դեսպան Բաղդասարյանը նշել է Կամբոջայի հետ քաղաքական երկխոսության, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման և երկու երկրներ մուտքի արտոնագրերի փոխադարձ վերացման անհրաժեշտության մասին։

Անդրադառնալով միջխորհրդարանական համագործակցությանը՝ ՀՀ դեսպանը նշել է, որ այն կարող է խթանել երկխոսությունը նաև ԱՍԵԱՆ-ի Խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում։



Դեսպան Բաղդասարյանը հավելել է, որ Հայաստանը պատրաստ է Կամբոջայի հետ կիսվել իր փորձով նորարարությունների, բարձր տեխնոլոգիաների և թվային փոխակերպման ոլորտներում։

Պետքարտուղարի տեղակալ Ֆեն Սավնին իր զրուցակցի ուշադրությունը հրավիրել է վերջին շրջանում Կամբոջայում զբոսաշրջության և ավիափոխադրումների ոլորտների արագ զարգացման վրա՝ ընդգծելով այդ միտումների հնարավոր դրական ազդեցությունը Հայաստանի հետ երկկողմ զբոսաշրջային հոսքերի ակտիվացման հարցում։

Ֆեն Սավնին կարևորել է ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ Կամբոջայի կառավարության իրականացրած քայլերը՝ հրավիրելով հայ գործարարներին այցելել Կամբոջա՝ գործնական կապեր հաստատելու նպատակով։

Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու փոխաջակցությունը միջազգային կազմակերպություններում։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն