Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունը չեղարկել է իր մասնակցությունը Միլի մեջլիսի (խորհրդարան) և Ռուսաստանի Դաշնային ժողովի միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի Մոսկվայում նախատեսված նիստին, գրում է TASS-ը՝ հղում անելով Ադրբեջանի խորհրդարանի մամուլի ծառայության հաղորդագրությանը:

«Միլի Մեջլիսի առաջին փոխնախագահ Ալի Ահմեդովի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը չի մասնակցի Ադրբեջանի Հանրապետության Միլի մեջլիսի և Ռուսաստանի Դաշնային ժողովի միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 23-րդ նիստին, որը նախատեսված էր անցկացնել Մոսկվայում»,- ասվում է հայտարարության մեջ:

Պատճառը Եկատերինբուրգում իրավապահ մարմինների կողմից կատարված «ադրբեջանցիների նկատմամբ բռնության ակտերն» են։ Բաքուն նախկինում բողոք էր հայտնել անվտանգության ուժերի գործողությունների դեմ՝ պնդելով, որ խուզարկությունների ժամանակ սպանվել են երկու ադրբեջանցի և վիրավորվել մի քանի մարդ:

Ռուսաստանի Դաշնության Սվերդլովսկի մարզի քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը հայտնել է, որ իրավապահ մարմինները դադարեցրել են հանցագործ էթնիկ խմբի գործունեությունը: Հարուցվել է քրեական գործ՝ Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «զ» կետերով, 30-րդ հոդվածի 3-րդ մասով, 105-րդ հոդվածի 2-րդ մասով (սպանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական դավադրությամբ, վարձու սպանություն, վարձու սպանության փորձ):

Հետաքննության տվյալներով՝ մեղադրյալները ներգրավված են Եկատերինբուրգում 2001, 2010, 2011 թվականներին կատարված մի շարք սպանությունների և սպանության փորձերի մեջ:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքով՝ Ռուսաստանի Դաշնության գործերի ժամանակավոր հավատարմատար Պետր Վոլոկովը, որը հրավիրվել էր Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն, տվել է անհրաժեշտ բացատրություններ ստեղծված իրավիճակի վերաբերյալ:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն