Գազայի հատվածի բնակիչները մարդասիրական օգնությունը ստանում են օդից. ԶԼՄ-ներ
Հորդանանի և ԱՄԷ-ի բեռնատար ինքնաթիռները կիրակի 25 տոննա մարդասիրական օգնություն են նետել Գազայի հատված, հաղորդում են Մերձավոր Արևելքի լրատվամիջոցները։ Գործողությանը մասնակցել է հորդանանյան երկու և ԱՄԷ մեկ ինքնաթիռ։
Մեկ օր առաջ ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարար Աբդուլլահ բին Զայեդը հայտարարել էր, որ իր երկիրը կվերսկսի օդային օգնությունը դեպի Գազա, քանի որ այնտեղ մարդասիրական խնդիրները «հասել են աննախադեպ կրիտիկական մակարդակի»։
Կիրակի երեկոյան Գազայի հատված մարդասիրական օգնություն են նետել նաև Իսրայելի ռազմաօդային ուժերը։
Միևնույն ժամանակ, ՀԱՄԱՍ-ը հանդես է եկել հայտարարությամբ, որում դատապարտել է Իսրայելի կառավարության որոշումը՝ վերսկսել Գազայի հատված հումանիտար օգնության առաքումն օդով և միջանցքներ ստեղծել հումանիտար մատակարարումների համար: Խմբավորման ղեկավարությունն Իսրայելի այդ որոշումը համարել է «ձևական և ապակողմնորոշիչ քայլ, որն ուղղված է ամբողջ աշխարհի աչքում իր հեղինակությունը բարձրացնելուն»:
Ինչպես բացատրել է շարժումը, այն «վտանգում է խաղաղ բնակիչների կյանքը և նվաստացնում նրանց արժանապատվությունը՝ պաշտպանություն և համապարփակ օգնություն ապահովելու փոխարեն»։