Միացյալ Նահանգները պետք է փոխհատուցում տրամադրի Թեհրանին՝ հասցրած հարվածների հետևանքների համար՝ հայտարարել է Իրանի արտգործնախարարը: 

Financial Times-ի հետ հարցազրույցում Աբբաս Արաղչին նշել է, որ Իսրայելի դեմ 12-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո ԱՄՆ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ եղել են շփումներ: Դրանց ընթացքում Իրանը շեշտել է միջուկային ծրագրի շուրջ փոխշահավետ լուծման հասնելու անհրաժեշտությունը: Նախարարի խոսքով՝ Իրանը դեռ ուրանը հարստացնելու հնարավորություններ ունի, իսկ միջուկային զենք ստեղծելու մտադրություն՝ ոչ:

Իրանի արտգործնախարարը հավելել է՝ որևէ համաձայնագիր չի կարող լինել, քանի դեռ ամերիկյան վարչակազմը պահանջում է ուրանի զրոյական հարստացում: 

Արաղչին անդրադարձել է նաև Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի սպառնալիքներին, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ համագործակցությունը չվերսկսելու դեպքում Իրանի դեմ պատժամիջոցները կվերականգնվեն: Դիվանագետի խոսքով՝ եթե նման բան տեղի ունենա, ապա Թեհրանը կդադարեցնի եվրոպական երկրների հետ բանակցությունները: 

«Եվրոպացիների հետ բանակցելու պատճառ այս պահին չկա, որովհետև նրանք չեն կարող վերացնել պատժամիջոցները, նրանք ոչինչ անել չեն կարող: Իսկ եթե գործի դնեն պատժամիջոցների վերականգնման մեխանիզմը, ապա դա կլինի ամեն ինչի ավարտը»,- հավելել է Աբբաս Արաղչին:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն