Կրկնել, թե մոլդովական սցենար է լինելու և շարունակել հանդարտ քարոզարշավը, մի քիչ լուրջ չէ։
Քաղաքական-հանրային ակտիվը լուրջ դեմքով արձագանքում է. «կրկնելու են մոլդովական սցենարը»։
Բա հետո՞։
Իշխանությունը շատ լավ գիտի, որ ստվերային որևէ պայմանավորվածություն սառույցի վրա գրված բան է։ Ամեն ինչ որոշելու է երկրի մթնոլորտը. եթե մթնոլորտը փոխված լինի, որևէ պայմանավորվածություն չի գործելու։ Հենց դրա համար էլ իշխանությունն առանձնապես ջանք չի թափում որևէ մեկի հետ նախնական որևէ բան պայմանավորվելու համար։
Նախ պետք է սկսել խորությամբ հասկանալ, թե վերջը ի՞նչ է այդ մոլդովական սցենարը, հասկանալ դրա էությունն ու տեխնոլոգիական լուծումները։ Պետք է գիտակցել, որ իշխանությունները հանուն իրենց վերարտադրության գնալու են հնարավոր բոլոր անսպասելի քայլերին և կոշտ սցենարներին։ Պետք է հաշվարկել կոնտր-քայլերն ու հակազդեցության սցենարները։ Իսկ դրանք կան։
Ավելին, այսօրվա ներընդդիմադիր խաղի կանոններն ու բարքերը տեսնելով, չի բացառվում, որ որոշ ուժեր լուռ ողջունեն այս կամ այն ընդդիմադիր ուժի հանղեպ անօրինականությունները։ Նայած՝ ով ինչ խնդիր է դնում։
Ասել, թե պլան B չկա, նշանակում է ասել՝ արեք ինչ ուզում եք։ Ասել՝ ա՜յ, եթե էսինչ ուժը չմասնակցեր ընտրություններին, ավելի լավ կլիներ, նեղ-մերկանտիլ մտածողություն է։ Ասել, թե չպետք է ձայն փոշիացնել, բայց համախմբման համար ոչ մի քայլ չանել, անհասկանալի է։
Կոպիտ սխալ է՝ ընտրական պրոցեսին նայել միայն ֆավորիտների աչքերով կամ շահերով։ Կան զգալի թվով գործիչներ՝ քաղաքական-հանրային, զգալի թվով անհատներ՝ ազդեցիկ, ազնիվ, միավորներ, որոնք չունեն ինքնուրույն շեմ հաղթահարելու ռեսուրս կամ դժվարանում են գտնել իրենց ակտիվ մասնակցության ձևը, բայց որոնք կարող են ազդել հանրային կարծիքի վրա։ Եթե ընդդիմադիր ֆավորիտները պրոցեսին նայեն իրենց թվացյալ ֆավորիտ դիրքերից, ապա շատ արագ դառնալու են կապույտ սկուտեղի վրա մատուցված թիրախ իշխանության համար։ Ընդդիմադիր դաշտը պիտի պատրաստ լինել բոլորին ներգրավել պայքարում՝ հնարավոր «մոլդովական սցենարի» զարգացման դեպքում։ Բոլորին՝ ֆավորիտ, չֆավորիտ, մասնակցող-չմասնակցող, բոլոր ակտիվ շրջանակներին, օր օրի ակտիվացող հասարակությանը պետք է պատրաստել իշխանության որևէ անօրինական սցենարի դեմ պայքարելու։ Մեծ հաշվով, իշխանության անօրինականությունների դեմն առնելու մեկ տարբերակ կա՝ հանրային մթնոլորտի փոփոխություն և տեխնոլոգիապես գրագետ աշխատանք։
Խնդիրը շատ ավելի կարևոր է, քան սեփական նեղ հաշվարկները՝ հանուն ակնկալվող մանդատների քանակի։ Սրանք երկու տարբեր խնդիրներ են՝ հանրային համախմբման բոլորովին տարբեր պոտենցիալներով։



































