Փաստորեն, իսանամեկի ասուլիսները բոյկոտելու կոչը, որ պարբերաբար ինքս էլ եմ հնչեցրել, մնաց օդում կախված, ավելին, լուրջ չընդունվեց լրատվամիջոցների ղեկավարների ու հենց լրագրողների կողմից, իսկ, այ, իսանամեկը լավ էլ լուրջ ընդունեց ու նորից մի քայլ առաջ անցավ բոլորից: Դե, ինքն օդում կախված ամեն բան չանթելու մեծ փորձ ունի, ու զարմանալի կլիներ, եթե այս անգամ վրիպեր: Չվրիպեց: Նախահարձակ եղավ, հայտարարելով, թե լրագրողները հիմա պետք է բոյկոտեն իրեն, որովհետև շաբաթը երեք-չորս ճեպազրույց է անցկացնում, ամեն ինչ ասել-պրծել է, նոր հարցերին էլ իր ֆեյսբուքյան էջում կանդրադառնա: Մոտավորապես սա էր ասածը, որ ենթատեքստում, սակայն, այլ շեշտադրում ունի: Եթե այս հայտարարությունից հետո լրագրողներն իրոք բոյկոտեն հերթական ասուլիսը, շատ հանգիստ կարող է ասել, թե հետևել են հենց ի՛ր առաջարկին, ինչի առիթով անչափ ուրախ է: Մինչդեռ բոյկոտը (եթե, այնուամենայնիվ, նման բան լինի), պիտի նախորդեր վերոնշյալ հայտարարությանն ու լիներ անակնկալ, լիներ շարունակական, ոչ թե՝ մեկանգամյա ակցիա՝ օգտակար գործողության կասկածելի գործակցով: Իսկ որ ճեպազրույց կոչվող այդ հարցուպատասխանները վերածվել են մասխարայի, վաղուց տեսանելի է: Ի վերջո, ի՞նչ ասել է ճեպազրույց. Ճեպընթաց ռիթմով հակիրճ հարց ու պատասխան: Ինչ ունե՞նք՝ ճեպընթացի փոխարեն՝ շոգեքարշ, որ գնում-գնում ու տեղ չի հասնում: Կիլոմետրանոց հարցեր, նույնքան երկար-բարակ, ցաքուցրիվ պատասխաններ, որ ոչ մի նոր բան չեն ասում: Խաբարբզիկ համացանցն ապահովում է բոլոր «սենսացիոն» նորությունները՝ սեփական սրբագրումներով, իմաստ ունի՞ հանրահայտ բաները մի ավելորդ անգամ դնել ու վերցնել: Առավել ևս, երբ դիմացինդ դեղին մամուլի փորձություններով անցած նախկին լրագրող է և մութ սենյակում սև կատու որսալու մեծ վարպետ: Նման մեկի հետ լեզվամարտի բռնվելը միշտ էլ անհարմար (չասենք՝ անփառունակ) ավարտ է ունենում, ինչպես եղավ վերջին ճեպազրույցում:

«Քաղաքացի Վ. Մ.,- օստապբենդերյան ոճով առերեսման էր անցել լեզվաշարժության մագիստրոսը,- իսկ այսինչ թվին քաղաքացի Ռ. Հ.-ն չի՞ հագցրել արդյոք Ձեր ծնոտին: Ո՜չ: Շա՜տ լավ: Իսկ քաղաքացի այնինչը չի՞ պատվիրել արդյոք բարոյականության հետ սահմանները քցած այն հարցերը, որ ուղղում եք ինձ: Դարձյալ՝ ոչ: Էլ հարցեր չունեմ: Հոգնեցի: Ուտել եմ ուզում»:

Այս միջադեպն իրոք կարող էր զավեշտալի լինել, եթե այդքան տխուր չլիներ: Նախկին լրագրողը, փաստորեն, ձեռնոց է նետել ողջ լրագրողական համայնքին՝ առանց գունազարդելու ուրվագծելով այն հեռանկարը, որ իրականություն կարող է դառնալ մոտ ապագայում: Ընդ որում, կապ չունի՝ կո՞ղմ կքվեարկի իրեն հունիսի 7-ի ընտրություններում այդ նույն համայնքը, թե՞ դեմ: Երկու դեպքում էլ գործազուրկ դառնալու հավանականությունն ի ցույց է դրվել՝ մատնելով վաղվա հեռագնա նպատակները:

Ի՞նչ գաղտնի քայլով կպատասխանի լրագրողական համայնքն այս բացահայտ մարտահրավերին՝ պարզ կդառնա հաջորդ ճեպազրույցի ժամանակ: Հուշարարությունն այս դեպքում վտանգավոր է, մեկ էլ տեսար՝ նորից ականջին հասավ, լրագրողներից առաջ ընկնելով կանխարգելող հակաքայլ արեց: Բոլոր դեպքերում, ժամացույցը դեռ միացված է, և պատասխան քայլի իրավունքը «սպիտակներինն» է:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ