«Դուզ խոսքը էշին կասեն»: Ժողովուրդն է ասում: Այն նույն ժողովուրդը, որի անունից միանձնյա որոշումներ կայացնելը «ժողվարչապետի» համար կուկուռուզ կրծելու պես մի բան է դարձել: «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմի Մուրադին կհիշեք, նա էլ, երբ ասում էր՝ ես, ուրեմն, Արուսը հետն էր: Էս մեր «մուրադն» էլ, «ժողովրդի հետ», երեկ «հյուսիսում» էր, բայց ոչ թե «հարսնացուի», այլ «Իվանի» մոտ, որովհետև հենց զգում է, որ ինքը՝ Փարսադանի տղա Մուրադը, ներողություն, Վովայի տղա Նիկոլը, կարող է գնալ-հասնել մի տեղ, ու իրեն ասեն՝ нет, тут же կողմնորոշվում է՝ ինքն «Իվանի պոչից պիտի բռնի, Իվանի՜»: Իվանն էլ Պուտին չէր լինի, եթե մադամ Եվրոպայի ու սըր Ամերիկայի ինադու պատվով-հարգանքով չընդուներ, չբազմեցներ դիմացը ու դիվանագիտության երկիմաստ լեզվով չասեր բաներ, որոնց առնչությամբ ժողովուրդը կոշտ, բայց դիպուկ խոսք ունի. «Դուզ խոսքը էշին կասեն»:

Դիվանագիտական շպարը մի կողմ որ դնենք, ՌԴ նախագահի խոսքն էլ պակաս կոշտ ենթատեքստ չուներ, հատկապես, Եվրոպայի «պոչից բռնելու» պահով:

«Ուզում եք երկու լարի վրա՞ քյանդրբազություն անել, մի ոտքը Եվրամիության, մյուսը՝ Եվրասիական միության վրա՞: Չի ստացվի: Կճողվեք: Կողմնորոշվել է պետք, ինչը ձեր իրավունքն է, իհարկե: Եվրոպա՞ եք գնում, скатертью дорога, բայց մի քիչ թվաբանությունն էս դեպքում չէր խանգարի: Եվրոպան մեր գազը 600$-ով է գնում, դուք՝ 177$-ով՝1000 խմ-ի դիմաց, կարողանալու՞ եք էդ 423$-ի տակից դուրս գալ: Սոցիալական բունտ կա, բան կա, մտածե՞լ եք»:

«Մեզ մոտ դեմոկրատիան էն մակարդակի վրա է, որ նման բաների մասին ժողովուրդն է մտածում, մենք ընդամենը կատարողներ ենք»,- մոտավորապես սա էր Վլադիմիրովիչի թափանցիկ հարցադրմանը Վավաևիչի մուրադավարի պատասխանը: Այսինքն, ես որ ասում եմ՝ ես, ուրեմն, ժողովուրդը հետս ա, ու եթե վաղը մյուս օրը գազն իրոք դառնա 600$, էդ հո իմ որոշումով չի՞ դառնա, ինքն է որոշողը, ինքն էլ թող մտածի, թե ոնց է հավելյալ 423$-ի տակից դուրս գալու:

Փաստորեն, նորից պատասխանատվությունը թողեց ժողովրդի վրա՝ իմ, քո, նրա, բոլորիս վզին կապելով մի բեռ, որի ծանրությունը ոչ ինքն է քաշելու, ոչ էլ դոլարային միլիոնատերեր դարձած իր «դամքաշները»: Դրանցից մեկը, ի դեպ, խորհրդային բանակում ծառայած, Դոնի Ռոստովում տնտեսագետի բարձրագույն կրթություն ստացած, «նախկինների» օրոք գեներալ-լեյտենանտի կոչում և պաշտպանության փոխնախարարի պաշտոն ձեռք գցած, այժմ՝ ՔՊ-ական պատգամավոր, դեռ ամիսներ առաջ է ասել. «Մեր ժողովուրդը համաձայն է առանց գազ մնալ, մենակ թե ինքը լինի իր գլխի տերը»:

Ստացվում է՝ եթե 2021-ին ձայնդ ՔՊ-ին ես տվել, գլխիցդ ձեռ քաշիր, հիմա քո փոխարեն իրենք են որոշում՝ ինչին ես համաձայն, ինչին՝ ոչ: Վաղն էլ նույն դեմագոգիկ ոճով կհայտարարեն, թե ժողովուրդը կողմ է Սահմանադրությունից Անկախության հռչակագիրը հանելուն, 300 հազար ադրբեջանցիներին Հայաստանում տնավորելուն, Սյունիքի ու Սևանի մի մասից հրաժարվելուն և էլի լիքը բաների, որ նորմալ հայի մտքով չի կարող անցնել:

Էս դեմագոգիայի առաջն առնելու, երևի թե, վերջին հնարավորությունն է մնացել՝ հունիսի 7-ի ընտրությունները: Կարողանալու՞ ենք: Եթե հայի հետին խելքից, որ օտարին է միշտ բաժին հասնում, մի բան դեռ մնացել է, պիտի կարողանանք: Մեր անունից մեր տունն ավիրողներին իրենց «հին տներն» ուղարկելու այլ ելք պարզապես չունենք:

Ընտրություններին էլ մնաց 65 օր:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ