Մարաղայի կոտորածը
Այդ մարդիկ սպանվեցին միայն հայ լինելու պատճառով. Մարաղայի ջարդերի 34-րդ տարելիցն է
Ադրբեջանական զինված ուժերը 1992 թվականի ապրիլի 10-ին Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղում իրականացրել են կոտորած, որի ընթացքում զոհվել է մոտ հինգ տասնյակ հայ բնակիչ:
Մարաղա գյուղը գտնվում էր Լեռնային Ղարաբաղի հյուսիսում՝ Միրբաշիրի շրջանի հարևանությամբ: Ըստ 1989 թվականի մարդահամարի՝ գյուղում ապրում էր 4660 մարդ, հիմնականում՝ հայեր: Մինչև ապրիլի 10-ի ողբերգական իրադարձությունները, բնակավայրը պարբերաբար ենթարկվել է հրետակոծությունների:
1992 թվականի ապրիլի 10-ին՝ առավոտյան ժամը 5-ին, սկսվել է գյուղի զանգվածային հրետակոծությունը: Կեսօրին մոտ ադրբեջանական գումարտակը (շուրջ 1000 զինվոր)՝ 20 զրահամեքենաների ուղեկցությամբ, ներխուժել է գյուղ: Ինքնապաշտպանական ուժերը (60 հոգի), տեսնելով, որ չեն կարող դիմադրել թշնամու անհամեմատ մեծ ուժին, նահանջել են՝ զգուշացնելով բնակչությանը:
Հիմնական բնակչությունը հասցրել է լքել գյուղը, սակայն ծերունիները, հաշմանդամները և երեխաները պատսպարվել են նկուղներում: Հաջորդ օրը հայկական ուժերը հետ են գրավել գյուղը և հայտնաբերել 43 խաղաղ բնակչի դիակ՝ գլխատված, այրված կամ խոշտանգված (աչքերը հանված):
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի նախկին փոխխոսնակ Քարոլինա Քոքսն այսպես է նկարագրում իր տեսածը.
«Այն, ինչ մենք տեսանք, նկարագրության ենթակա չէ: Գյուղն ամբողջովին ավերված էր: Մարդիկ թաղում էին զոհվածներին, ավելի ճիշտ՝ այն, ինչ հնարավոր էր թաղել... տանջամահ արված, կենդանի այրված, կտրտված կամ սղոցված մարմնի մասեր:
Մի մասին թաղել էին նախորդ օրը: Նկարահանելու համար նրանց հանեցինք, թեև հասկանում էինք, թե որքան ծանր է դա հարազատների համար: Այդ օրերին Մարաղայում նկարահանվածը փաստում է իրագործված սոսկալի կոտորածի մասին՝ գլխատված և կտրտված մարմիններ, երեխաների դիակներ, արյունոտ հող և մասնատված անդամներ...:
Մենք տեսանք արյունոտ մանգաղներ, որոնցով կատարել էին այդ եղեռնագործությունը. հավանաբար պետք էր դրանք վերցնել մեզ հետ՝ որպես վկայություն, բայց ես չկարողացա: Բնակիչներին սպանելուց հետո ադրբեջանցիները թալանել և այրել էին գյուղը: Զինվորներից հետո հայտնվել էին քաղաքացիական անձինք և շարունակել թալանը: Մենք տեսանք լիքը լցված պայուսակներ, որոնք դիակապտիչները չէին հասցրել տանել...»:
Ըստ Քոքսի՝ սպանվել էր գյուղի առնվազն 45 բնակիչ: Համաձայն հայկական անվանական ցանկի՝ զոհվել էր 57 և գերեվարվել 45 խաղաղ բնակիչ: Գերիների թվում եղել է 9 երեխա, 18 կին, 3 տարեց և մեկ կույր (տվյալները հաստատված են միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների և Քարոլինա Քոքսի կողմից):
Մեկ շաբաթ անց կազմակերպվել է նոր հարձակում, որի հետևանքով բնակչությունը վերջնականապես լքել է գյուղը, և ևս 13 հոգի գերեվարվել է: Ընդհանուր առմամբ Մարաղայում զոհվել է 90 մարդ, տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել 37-ը, այդ թվում՝ 21 կին և 6 երեխա:
Ինչպես հայկական, այնպես էլ անկախ լրատվամիջոցները նշում են, որ, չնայած իր ծայրահեղ դաժանությանը, Մարաղայի կոտորածը գրեթե չի լուսաբանվել և անհայտ է մնացել լայն հանրությանը: Ըստ Քարոլինա Քոքսի՝ անգլիական «Դեյլի Թելեգրաֆ» (The Daily Telegraph) թերթն սկզբում մտադիր էր տպագրել նյութը, սակայն հետագայում հրաժարվել է:







































