Փաշինյանի նյարդը նրանից չէ, որ կա ընդդիմություն։ Նրա նյարդը այն է, որ ընդդիմություն կա արդեն թվերով և հավաքական ժողովրդով
Փաշինյանի նյարդը նրանից չէ, որ կա ընդդիմություն։ Նրա նյարդը այն է, որ ընդդիմություն կա արդեն թվերով և հավաքական ժողովրդով:
Փաշինյանն այսօր մեդիայում դեռ հեգեմոն է, սոցիալական ցանցերում՝ նույնպես։ Գետնի վրա էլ աշխատանքը հսկայական է՝ գյուղ առ գյուղ, ավտոբուս առ ավտոբուս, համայնք առ համայնք: Կարծես կա նաև տնային աշխատանք կաբինետներից դուրս գալու և ներկայանալու: Թոշակների բարձրացում, բուժապահովագրության թեմա, երիտասարդական PR ակցիաներ, անվերջ լայվեր, կենցաղային տեսարաններ, «մարդկանց մեջ լինելու»,«մարդկանցից մեկը լինելու» բեմադրություններ և այլն։ Արտաքինից թվում է՝ ամեն ինչ աշխատում է։
Բայց խնդիրը հետևյալն է: Այս ամենը այլևս չի տալիս այն արդյունքը, որը պետք է ըստ պլանավորածի տար: Եթե հիմա՝ նախընտրական պիլոտայինում չի տալիս, չի տալու նաև պաշտոնական ընտրարշավում: Նյարդը էստեղից է: Որովհետև մեդիայում հաղթելը դեռ չի նշանակում մարդկանց վստահությունը վերականգնել հողի վրա: Փաշինյանը կարող է մնալ ամենաշատ խոսվող և քննարկվող դեմքը։ Կարող է ունենալ ամենաշատ եթերը, ամենաշատ ռեսուրսը, ամենաշատ ադմինիստրատիվ հնարավորությունը։ Բայց եթե այդ ամենից հետո վարկանիշի դինամիկա չկա, ուրեմն խնդիրը ոչ թե աշխատանքի ծավալի մեջ է, ոչ էլ աշխատանքի էֆեկտիվության, այլ սպառվածության և ավարտական կարծիքի, որը ձևավորվել է նրա վերաբերյալ:
Եվ սա հենց այն կետն է, որտեղ սկսվում է իրական նյարդայնությունը: Խնդիրը այն է, որ ընդդիմադիր դաշտում արդեն կան ուժեր, որոնք ոչ միայն անցնում են շեմը, այլ նաև միասին վերցրած սկսում են ունենալ քաղաքական և թվային ծանրություն, ինչը այս իշխանության նախնական հաշվարկների մեջ և գործընթացի կառավարելիության առումով խնդիր է դառնում:
Եվ հենց այստեղ է ծնվում նոր ռադիկալ նարատիվը՝ «Պատերազմի եռագլուխ կուսակցություն»։
Սա պատահական ձևակերպում չէ։ Սա վախի կառավարման տեխնոլոգիա է։
Որովհետև Ուժեղ Հայաստանը, Հայաստան դաշինքը և Բարգավաճ Հայաստանը, եթե իրոք հավաքական վտանգ ու մրցակից չլինեյին՝ Փաշինյանը նրանց մասին չէր խոսի այսքան ագրեսիվ, այսքան անձնական և այսքան նյարդային։
Իշխանությունը միշտ ամենաշատը հարվածում է նրան, ումից այդ փուլում ամենաշատն է վախենում։ Այսինքն՝ Փաշինյանի նոր հռետորաբանությունը իրականում մեկ բան է ասում: Նա արդեն ունի և տեսնում է այն ամենաթարմ և նոր տվյալներն ու թվերը, որը քաղաքական հանրությունը դեռ ամբողջությամբ չի տեսնում։ Նա արդեն հասկանում է, որ այդ ուժերը ոչ միայն անցնելու ռեսուրս ունեն, այլ նաև կարող են միասին վերցրած ունենալ ավելի մեծ ընտրական կշիռ, քան կարելի էր կանխատեսել և կանխել, իսկ իր դինամիկան լճացել է:
Այդ պատճառով էլ նա այլևս չի ասում՝ «ընտրեք մեզ, որովհետև ... » այլ ասում է՝ «մյուսներին չընտրեք, որովհետև...»։ Սա բացահայտ շանտաժ է:
Եվ որքան շատ է կրկնվում այդ շանտաժը, այնքան ավելի ակնհայտ է դառնում, որ իրական խնդիրը այլևս այն չէ, թե Փաշինյանը կմնա՞ առաջին ուժը։
Իրական խնդիրը այն է, որ նա այլևս չի կարողանում մնալ միակ հեգեմոն ուժը, նույնիսկ այսքան շատ, այսքան հաճախ, այսքան մոտ լինելով հանրային կյանքին: Հենց սա է նրա ամենամեծ քաղաքական նյարդը, ինչը նա կառավարել որևէ կերպ առայժմ չի կարողանում, իսկ մյուս բոլոր լուծումները ռադիկալ են, որոնք էլ իրենց հերթին ռիսկային են:
P.S. Ընդդիմությունն ահռելի եզրակացություններ ունի անելու Փաշինյանի արագություններից, ահռելի ֆրոնտ ունի աշխատելու, ահռելի հակափաշինյանական ձայն կա քաղաքական կապիտալիզացման ենթակա: Էդ սոցիոլոգիայից պետք է վազն անցնել ու զբաղվել ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅԱՄԲ ՀՈՂԻ ՎՐԱ:
Կարելի է երկար Ձեզ առաջարկել, որպես խնդրի լուծում: Եկել է ժամանակը, որ խնդրեք ու ավելի մոտենաք ընտրողին՝ նրանց ում պետք է մեծարեք, հարգեք, հերոսացնեք, խնդրեք, այո ԽՆԴՐԵՔ, որ լուծումը տեսնեն Ձեր և իրենց միջոցով համատեղ ու միասին, որպես ընտրող և ընտրվող: