Վերջին շրջանում հաճախ եմ նկատում, որ մարդիկ Հայաստանի մասին խոսելիս օգտագործում են "սուբյեկտից վերածվել է օբյեկտի" արտահայտությունը։ Բայց աչքիս այնքան էլ պարզ չեն պատկերացնում, թե քաղաքական իմաստով դա ինչ է նշանակում։

Մեծամասնության պատկերացմամբ սուբյեկտը, այսպես ասած, շնչավոր առարկա է։ Գործընկեր է, որի հետ խոսում են, քննարկում, համաձայնության գալիս։ Նա ունի սեփական ցանկություններն ու նպատակները։ Իսկ օբյեկտը քարի կտորա։ Վերցնում ես, դնում ես մի տեղ, օգտագործում այնպես, ինչպես ուզում ես՝ առանց հաշվի առնելու նրա կամքը։

Իրականում քաղաքականությունը մի փոքր ավելի բարդ է։

Հասկանալի է՝ առօրյա խոսքում մենք չենք կարող ամեն անգամ հաշվի առնել երևույթի բարդության բոլոր աստիճանները։ Պարզեցնում ենք, որպեսզի արագ հասկանանք իրար։ Այդուհանդերձ փորձեմ մի փոքր բարդացնել պատկերը։

Քաղաքական սուբյեկտ լինելը պարզապես որոշումներ ընդունել չի նշանակում։ Որոշումներ կարող են ընդունել նույնիսկ օկուպացված պետության ձևական իշխանությունները։ Կարևորն այն է, թե այդ որոշումներն իրականում ինչ-որ բան փոխո՞ւմ են, թե՞ ոչ։

Քաղաքական սուբյեկտայնությունը սեփական որոշումները ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԵՒԱՆՔԻ վերածելու կարողությունն է։

Օրինակ՝ ԱՄՆ-ն քաղաքական սուբյեկտ է։ Այն ունի սեփական նպատակները, որոշումներ է ընդունում և կարողանում է ազդել մյուսների վարքի վրա։ Բայց եթե Իրանը որոշի հրթիռակոծել ԱՄՆ-ն, այդ կոնկրետ գործողության մեջ ԱՄՆ-ն դառնում է հարձակման թիրախ՝ օբյեկտ։

Այդուհանդերձ դրանից չի կորցնում իր քաղաքական սուբյեկտայնությունը, որովհետև կարող է պատասխանել, փոխել Իրանի հաշվարկները և նրան ստիպել հաշվի նստել իր հնարավոր արձագանքի հետ։

Այսինքն՝ հարձակման կամ ազդեցության օբյեկտ դառնալը դեռ չի նշանակում կորցնել քաղաքական սուբյեկտայնությունը։ 

Սուբյեկտայնության կորուստը սկսվում է այն ժամանակ, երբ մյուսները կարողանում են քո տարածքի, անվտանգության, հաղորդակցությունների (!) կամ ապագայի վերաբերյալ որոշումներ ընդունել՝ քո ցանկությունը գրեթե չներառելով իրենց հաշվարկների մեջ։ Քո կառավարության նիստերը, որոշումները ոչ մեկի բանծիկներին չեն։

Երբ ասում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը կորցնում է իր սուբյեկտայնությունը, նկատի չունենք, թե Հայաստանն այլևս որոշումներ չի ընդունում կամ սեփական ցանկություններ չունի։ Նկատի ունենք, որ նրա ռեսուրսներն ու ազդեցության գործիքներն այնքան սահմանափակ են դարձել, որ ավելի հզոր պետությունները կարող են իրենց նպատակներն իրականացնել՝ Հայաստանի ցանկությունների հետ շատ քիչ հաշվի նստելով կամ ընդհանրապես չհաշվելով։

Ընդ որում՝ սուբյեկտայնությունն ու օբյեկտայնությունը բացարձակ վիճակներ չեն։ Հարաբերական են։ Նույն պետությունը մի հարաբերության մեջ կարող է սուբյեկտ լինել, մյուսում՝ օբյեկտ։ Կարող է ազդել իրենից ավելի թույլ դերակատարի վարքի վրա, բայց միաժամանակ մեծ տերությունների հարաբերություններում ինքն էլ դառնալ բանակցությունների առարկա։

Ի վերջո, սուբյեկտայնությունը ոչ թե այն է, որ դու պարզապես ցանկություններ ունես կամ բարձրաձայն հայտարարում ես դրանց մասին։ Այն ՈՒՐԻՇՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ ՓՈԽԵԼՈՒ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆ Է:

Մի խոսքով` խոսելով չի, ազդելովա։ Թե ոնց կազդես` զորքով, խոսքով, բոլոլայով...դա արդեն քո խնդիրնա։ Ինչպես ասում են` выбирай оружие!!!


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ