«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է ԵԿՄ համահիմնադիր, «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը

 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովն է ձևավորվել: Ի՞նչ ակնկալիքներ ունեք այս հանձնաժողովի աշխատանքից:

Պետք է այդ հանձնաժողովն աշխատի, և մենք բոլորիս ջանքերով վեր հանենք մեծ և մանր դավաճանությունները, որ իմանանք վաղը մեր անելիքները, թե ինչի դեմն ենք առնում։ Ես ասել եմ, որ ինձ ներգրավեն հանձնաժողովի կազմում: Պատերազմի դաշտում հրամանատարներ կային, որոնք միանգամից երկու ճակատով պատերազմ էին մղում՝ մեկն արտաքին թշնամու դեմ, մյուսը՝ ներքին: Դեռ այս հանձնաժողովը չէր ստեղծվել, առաջին հարց բարձրացնողը ես եմ եղել կառավարությունում, որ արմատախիլ անենք ներքին դավաճանությունը, ի հայտ բերենք բոլոր դավաճաններին, պատժենք, մեկուսացնենք: Ես հիմա շատ բան չեմ ասի, որ որոշ մարդիկ իրենց չապահովագրեն, որովհետև կապերն աշխատում են, իսկ ընդդիմադիր դաշտը դարձել էր դավաճանների վրա հովանի փռող:

Կարծում եք, որ դուք նույնպես պետք է լինեք քննիչ հանձնաժողովո՞ւմ:

Այդ քննիչ հանձնաժողովում իմ և իմ նման մարդկանց լինելը թիվ մեկ անհրաժեշտություններից մեկն է, այն մարդկանց, որոնք մասնակցել են և ներքին և արտաքին թշնամու դեմ տարված աշխատանքներին:

Ինչպե՞ս եք գնահատում, որ խորհրդարանական ընդդիմությունը հրաժարվել է մասնակցել քննիչ հանձնաժողովի աշխատանքներին:

Ինքս զարմացած եմ, որ ընդդիմությունը հրաժարվեց մասնակցությունից՝ անկախ ամեն ինչից, անկախ նրանից, թե պոչն իր տակ կտանեն, թե որևէ այլ մեկի: Իրենք պարտավոր էին մասնակցել և անաչառ ձևով ամեն բան ջրի երես հանել: Եթե ինձ ներգրավեն այդ հանձնաժողովում, ես բավականին լուրջ ասելիքներ կունենամ, նաև մարդկանց հրավիրելու և լսելու առումով:

Քննիչ հանձնաժողովից ինչ են պատասխանել, ձեզ կհրավիրե՞ն:

Դեռ սպասողական վիճակ է, Անդրանիկ Քոչարյանի հետ էլ եմ զրուցել, կտեսնենք, թե ինչ կորոշեն: Հանձնաժողովի կազմից արդեն պարզ կլինի նրա հետագա աշխատանքն ու զարգացումները:

Եթե հանձնաժողովը լավ աշխատեց, կարծում եք՝ պատերազմի բոլոր հանգամանքները կիմանա՞նք:

Այս հանձնաժողովի լավ աշխատանքը պարտադիր է, դա մեր երկրի համար թիվ մեկ անհրաժեշտությունն է, և դա նորածնին առաջին անգամ կուրծք տալու նման է: Եթե մենք չմաքրազարդեցինք, արմատախիլ չարեցինք դավաճանությունը հայոց աշխարհից, հայոց պետականությունից, մենք վաղը, մյուս օրը կարող է ոչինչ չունենանք և լինենք ուղղակի մեղավորներ փնտրող: Ամեն մեկս մի անուն տանք, ասենք՝ սա էր մեղավոր, նա էր մեղավոր: Դավաճանությունը պետք է արմատախիլ արվի, որովհետև մի անձով չի սահմանափակված: Պատերազմը ցույց տվեց, որ ամեն ինչ դավաճանական ձեռքերով կազմակերպված գործողություններ էին գնում: Օրինակ, զենքերը Հայաստան տեղափոխելը, իշխանության գալու ցասումը: նոյեմբերի 9-ին կառավարության, կառավարական ամառանոցների վրա հարձակումները զայրույթի ինքնաբուխ պոռթկումներ չէին: Դրանք ուղղորդված գործողություններ էին, որոնց նպատակը վարչապետին սպանելն էր և ամեն բան նրա վրա բարդելը, բայց Աստծո կամոք, նրանց դա չհաջողվեց: Իսկ դրանից հետո դավաճանների աշխատանքը դադարելո՞ւ է, ասելու են՝ վերջ, կռիվը պրծավ, էլ դավաճան չե՞նք: Իհարկե, ոչ, նրանք շարունակելու են և շարունակում են իրենց գործունեությունը:

Դավաճանությունը վերին օղակներո՞ւմ է եղել:

Բոլոր օղակներում էլ եղել են և պետությունը, քննիչ հանձնաժողովը բոլորին պետք է լսի, իր անաչառ եզրակացություններն անի, և համապատասխան ծառայությունները զբաղվեն այդ երևույթների, այդ անձանց լիարժեք մեկուսացմամբ: երբ որդը մտնում է այգի, հազար ձևի դեղ ես օգտագործում, որ այգին բուժես: Հիմա պատերազմը ցույց տվեց, որ մեր պետական այգին որդ կերած է:

Ի՞նչ տեղեկատվուևթյան մասին է խոսքը, որը պատրաստ եք կիսել քննիչ հանձնաժողովում:

Ես պատերազմի ժամանակ հենց տեղում շատ բաներ տեսա, թե ինչ է կատարվում, ոնց է կատարվում, ում ձեռքով է կատարվում, Հայաստանից քանի կուսակցական թայֆաներ, չակերտավոր լեգենդար հայրենասերներ իրենց սև գործն էին անում:

Դուք կարծում եք, որ Քննիչ հանձնաժողովն անելիք ունի:

Միանշանակ անելիք ունի, որովհետև եթե հանձնաժողովն իր քրտնաջան աշխատանքով չբերեց հարցի ճիշտ լուծմանը՝ հօգուտ պետության ու պետականության,  իմացեք, որ մենք հաջորդ բախմանը այդ երևույթի ավելի վատ տեսակն ենք ունենալու: Մենք դրա դեմը պետք է առնենք պետականորեն, ոչ թե անհատական ձևով: Անհատականով մարդիկ պետք է զենքը վերցնեն, իրենց իմացած դավաճաններին վերացնեն, ոնց որ ժամանակին արել է Չաուշը: Բայց դա բերում է «բեսպրեդելի»մ, ինչը մեզ պետք չի: Մեզ պետք է օրենքով անել ամեն ինչ, եթե այդ արարքի համար գնդակահարություն է հասնում, օրենքով դա արվի: բայց պետք է պատժել, որպեսզի նվազագույնի հասցվի դավաճանների կաստան: Եթե դու կարող ես վաճառվել 200 դոլարով, 400 դոլարով, 25 հազար կամ մեկ մլն դոլարով և երկիրը վարի տաս, քեզ ամենավերջին պատիժն անգամ հասնում է: Չէ՞ որ քո կողքին հայրենասեր տղերքը արյուն են թափում, զոհվում են, որ մեկ մետր անգամ հետ չգնան, ու իրենց թիկունքում, Հայաստանում մարդիկ ու պետըական ինստիտուտները կայուն մնան: Այստեղ ուրիշ տարբերակ չկա էլ:

1in.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն