ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ հանդիպել են Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները
Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ և մասնակցությամբ՝ այսօր կայացել է Արցախի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պաշտոնական ներկայացուցիչների հերթական հանդիպումը, «Արցախպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը՝ պարզաբանելով, որ քննարկվել են հումանիտար և ենթակառուցվաքային բնույթի հարցեր, մասնավորապես՝ Լաչինի միջանցքով մարդկանց, մեքենաների ու բեռների անխափան տեղաշարժի վերականգնմանը, Հայաստանից Արցախ էլեկտրամատակարարման վերականգնմանը, բնական գազի անխափան մատակարարմանը, ինչպես նաև Կաշենի հանքավայրի գործունեության շուրջ մտահոգություններին վերաբերող հարցերը:
«Այլ հարցեր օրակարգում չեն եղել: Հանդիպումն առերևույթ կառուցողական էր, և հույս ունենք, որ արդյունքները երկար սպասեցնել չեն տա»,-նշել է Ավանեսյանը:
ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարության միջնորդությամբ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների ևս մեկ հանդիպում կայացել էր փետրվարի 24-ին: