Պետբյուջեից 1 մլրդ 100 մլն դրամ կհատկացվի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը Աջափնյակի նոր մետրոյի կայարանի կառուցման նախագծային և նախահաշվային աշխատանքների ձեռք բերման և ֆինանսավորման համար:

Նոր կայարանի երկարությունը լինելու է 1.5 կմ, շինաշխատանքներն էլ տևելու են 4 տարի:

Երևանի քաղաքապետարանում քննարկում են մայրաքաղաքում ևս երկու ուղղությամբ նոր կայարաններ ունենալու հարցը:

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը կառավարության  նիստում ասաց, որ քննարկեվել է նաև «Փեթակ»-ի տարածքում գտնվող հատվածում ևս մեկ կայարան ստեղծելու հարցը։

«Աջափնյակի կայարանի կառուցումից հետո, ամենայն հավանականությամբ, մետրոն այդ նույն գծով շարունակվելու է: Երկու պոտենցիալ ուղղություններ կան՝ մեկը դեպի Դավթաշենի ուղղությունը, մյուսը՝ դեպի Աջափնյակ վարչական շրջանի խորքը: Քաղաքապետարանն առաջարկելու է մետրոյի շարունակական զարգացման ծրագիր, որ ամեն տարի ունենանք նոր կայարանների բացման ուղղությամբ կատարվող աշխատանքներ»,-ասաց փոխքաղաքապետը:

Ավինյանը սա համարեց ենթակառուցվածքներում ամենաարդյունավետ ներդրումներից մեկը:

«Միայն Աջափնյակի կայարանի շահագործմամբ՝ մետրոյում, մեր կանխատեսմամբ, ուղևորափոխադրումների քանակն աճելու է 22 տոկոսով: Մետրոն իր վրա է վերցնում էական բեռ՝ նվազեցնելով փողոցների ծանրաբեռնվածությունը»,-նշեց Ավինյանը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն