Ադրբեջանի ԶՈՒ դիվերսիոն խմբի կատարած հանցավոր գործողությունների առնչությամբ հարուցվել է քրեական գործ. Արցախի դատախազություն
Մարտի 5-ին՝ ժամը 10։00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինուժի դիվերսիոն խումբը Արցախի Հանրապետության ներքին վիճակը ապակայունացնելու նպատակով, Արցախի Հանրապետության տարածքում՝ «Ղայբալիշեն» կոչվող տեղանքից արևմուտք ընկած հատվածում, Արմենավան գետի ձախ ափին, իրականացրել է մարդկանց ոչնչացնելուն, նրանց մարմնական վնասվածքներ պատճառելուն, ճանապարհներ և հաղորդակցության միջոցներ, գույք ոչնչացնելուն կամ վնասելուն ուղղված գործողություններ: Այս մասին հայտնում են Արցախի դատախազությունից:
«Կիրառելով տարբեր տրամաչափի զինատեսակներ, դիվերսիոն խումբը հարձակվել է նկարագրված տեղանքով անցնող ԱՀ ՆԳՆ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության ծառայողական «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վրա՝ ուղղակի դիտավորությամբ, ապօրինաբար կյանքից զրկելով ոստիկանության փոխգնդապետ Արմեն Մայորի Բաբայանին, ոստիկանության մայոր Դավիթ Վալերիի Դանիելյանին և ոստիկանության լեյտենանտ Արարատ Թելմանի Գասպարյանին, իսկ ոստիկանության լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանին պատճառել է մարմնական վնասվածքներ:
Սույն դեպքի առթիվ մարտի 5-ին Արցախի քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ Արցախի քրեական օրենսգրքի 415-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն:
Քրեական գործի մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունն իրականացնում է Արցախի գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված և ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով բաժինը: