«Վրացական երազանք – Դեմոկրատական Վրաստան» իշխող կուսակցությունը խորհրդարանից հետ է կանչել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը, որը երկրում բախումների պատճառ էր դարձել։

«Մենք տեսանք, որ ընդունված օրինագիծը տարաձայնություններ է առաջացրել հասարակությունում։ Ստի մեքենան կարողացավ օրինագիծը ներկայացնել բացասական լույսով և մոլորության մեջ գցել բնակչության որոշակի մասին։ Օրինագծին փակցվեց «ռուսական օրենքի» կեղծ պիտակ, իսկ դրա ընդունումն առաջին ընթերցմամբ հասարակության մի մասին ներկայացվեց որպես հեռացում եվրոպական գծից։

Բացի այդ, արմատական ուժերին հաջողվեց  ներգրավել երիտասարդության մի մասին հակաիրավական գործունեության մեջ։ Մենք պետք է ինքներս ուշադիր վերաբերվենք մեր երկրի խաղաղությանը, հանդարտությանն ու տնտեսական զարգացմանը, ինչպես նաեւ եվրոպական ինտեգրման ուղիով Վրաստանի ընթացքին։ Ուստի, անհրաժեշտ է մեր յուրաքանչյուր քաղաքացու էներգիան ծախսել  ոչ թե դիմակայության, այլ ճիշտ ուղղությամբ երկրի զարգացման վրա»,- տարածած հայտարարության մեջ նշել է Վրաստանի կառավարող կուսակցությունը՝ հավելելով, որ երբ հուզական ֆոնը հանդարտվի, ավելի լավ կբացատրեն հանրությանը, թե ինչի համար էր ընդունվել օրինագիծը։

Հիշեցնենք, որ Վրաստանի մայրաքաղաքում երկու օր տեղի ունեցած զանգվածային ցույցերին արդեն միանում էին այլ քաղաքներ ևս։ Բողոքի ակցիաները ուղեկցվում էին բախումներով և անկարգություններով։

Օրինագծի համաձայն, օտարերկրյա ազդեցության գործակալներ են համարվում իրավաբանական այն անձինք, որոնց տարեկան եկամուտների 20 %-ից ավելին ստացվում է արտասահմանից:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն