Կանխվել է կեղծ փաստաթղթերով տրանսպորտային միջոցի ներմուծումը
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Շիրակի տարածաշրջանային բաժնի Բավրայի բաժանմունքի աշխատակիցները Հյուսիսային մաքսատուն-վարչության Բավրայի մաքսային կետ բաժնի աշխատակիցների հետ համատեղ մաքսային հսկողության են ենթարկել Վրաստանից Հայաստանի Հանրապետություն ժամանած, Ռուսաստանի Դաշնության գրանցում ունեցող պետհամարանիշերով մարդատար ավտոմեքենան։ Զննման արդյունքում պարզվել է, որ ավտոմեքենան փաստացի տեղափոխող սեփականատիրոջ լիազոր անձի կողմից ՌԴ սահմանային անցակետում լրացված ուղևորային մաքսային հայտարարագիրը հանդիսանում է հին ձևանմուշ և չի համապատասխանում Ռուսաստանի Դաշնության մաքսային ծառայության պաշտոնական կայքէջում տեղադրված և գործող օրենսդրությամբ սահմանված ձևաթղթին։
Պարզվել է նաև, որ տրանսպորտային միջոցի տարբեր հատվածներում առկա չեն եղել նախատեսված նույնականացման համարի գործարանային համապատասխան պիտակավորումը:
Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից օպերատիվ կապ է հաստատվել ինչպես ՌԴ մաքսային ծառայության գործընկերների, այնպես էլ՝ Վրաստանի մաքսային ծառայության գործընկերների հետ և բանավոր կերպով ստացվել է տեղեկատվություն առ այն, որ վերոնշյալ տրանսպորտային միջոցը իրականում ներմուծվել է Վրաստան Թուրքիայի Հանրապետությունից չեխական պետհամարանիշերով, իսկ ՌԴ Վերին Լարսի անցակետում նման համարով ուղևորային հայտարարագիր չի լրացվել։
Այսինքն, տվյալ մեքենան վարող քաղաքացին, տրասնպորտային միջոցը ՀՀ պետական սահմանով տեղափոխելիս, խաբեությամբ օգտագործել է մաքսային և այլ փաստաթղթեր, իսկ տրանսպորտային միջոցը չի ունեցել ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ։
Փաստի առթիվ «ՀՀ մաքսային կարգավորման մասին» օրենքի 315-րդ հոդվածի իրավախախտման հատկանիշներով, այն է՝ ՀՀ պետական սահմանով ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխումը` մաքսային և այլ փաստաթղթերը կամ մաքսային նույնականացման միջոցները, խաբեությամբ օգտագործելով, նախապատրաստվել են նյութեր, որոնք տրամադրվել են ՊԵԿ իրավաբանական վարչություն:
Միաժամանակ, իրավախախտումը հայտնաբերելուց հետո, իրականացվել է ուսումնասիրություն վերոնշյալ տրանսպորտային միջոցի և դրա սեփականատիրոջ սահմանահատումների մասով: Հավաքագրվել են նմանօրինակ հնարավոր խախտումներ պարունակող դեպքերի ամփոփ տվյալներ՝ ՀՀ տարբեր սահմանային կետերով ներմուծված 11 տրանսպորտային միջոցի մասով, որոնց վերաբերյալ, ինչպես Ռուսաստանի Դաշնային, այնպես էլ` Վրաստանի Հանրապետության մաքսային ծառայություններին ուղարկվել են համապատասխան հարցումներ։