«Կարճ ասած»․ Խեղճ հարիֆով՝ պատերազմի շեմին
Վերջին ամիսներին բազմաթիվ անգամներ Ռուսաստանի Դաշնության նախագահը, արտգործնախարարը, վերջինիս խոսնակը տարբեր առիթներով կոչ են արել Հայաստանին ու Ադրբեջանին և հատկապես Հայաստանին, կատարել պայմանավորվածությունները։ Ամեն անգամ երբ նման բան է ասել Ռուսաստանը, դա առիթ է հանդիսացել Հայաստանի բազմաթիվ հանրային դեմքերի, ակտիվ քաղաքացիների, արևմտամետերի, սորոսականների, կառավարող կուսակցության զանազան ներկայացուցիչների ու անգամ ԱԽ սորոսական քարտուղարին հայտարարելու, թե ժողովուրդ, տեսեք, Ռուսաստանը պահանջում է Զանգեզուրի միջանցք տալ։
Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը երեկ հայտարարել է, թե Երևանի և Բաքվի ղեկավարներն ունեն քաղաքական կամք՝ վերացնելու հակամարտության հետևանքները։ Ալիևը, ասում է, հավատարիմ է այս գործընթացին, իսկ Փաշինյանը պարտավորություններ ունի։ Նշել է նաև, թե դա հեշտ գործընթաց չէ։ Արևմտյան բարձրաստիճան ներկայացուցիչը, փաստորեն, ասում է՝ Փաշինյանը բաներ ունի անելու։ Այսինքն, երբ Ռուսաստանը կոչ էր անում պայմանավորվածությունները կատարել, ասում էին, թե՝ պարտադրում են միջանցք տալ։ Հիմա էլ նույն բանը ասում է Եվրամիության հատուկ ներկայացուցիչը, այն նույն խոսող-գրողների տրամաբանությամբ, հիմա Եվրամիությունը պահանջում է Զանգեզուրի միջա՞նցք տալ։ Լավ, եկեք հասկանանք։
Ի՞նչ է նշանակում Փաշինյանը պարտավորություն ունի, ու դա հեշտ գործ չէ։ Էդ ի՞նչ պարտավորություններ ունի, որոնք, մանավանդ, շատ ծանր են, ե՞րբ են դրանք ձեռք բերվել ու ինչու՞ ենք մենք դա իմանում հատկապես դրսի գործիչներից։ 2018 թվականի Դուշանբեի հայտնի վերելակից սկսած՝ մինչև այսօր, մենք չգիտենք, թե ինչ պայմանավորվածություններ կան։ Հիմա բոլորը կոչ են անում Հայաստանին կատարել պարտավորությունները․ այ այստեղ է, որ պետք է Հայաստանում բոլորը՝ ժողովուրդը, ընդդիմությունը, անգամ իշխանության մեջ գտնվող մարդիկ, քանի որ վստահ եմ՝ իրենք էլ տեղյակ չեն, պահանջեն Նիկոլ Փաշինյանից, իր արտգործնախարարից պատասխան՝ էդ ի՞նչ եք պայմանավորվել, այդ ինչ պարտավորություն ունեք, մեր հաշվին, այդ ինչ եք խոստացել, մեր փոխարեն։ Էս մեր ամբողջ վիճակի հիմքում, Լաչինի միջանցքի փակման հիմքում, մեր գլխին հետագայում գալիքի հիմքում դա է։ Գուցե գրավոր են պայմանավորվել, բայց չի հրապարակվում, գուցե բանավոր է, գուցե դա եղել է ստիպողաբար կամ հոժարակամ, գուցե դա տեղի է ունեցել բանակցություններից գլուխն ազատելու ակնկալիքով, բայց ակնհայտ է, որ խոստացել է բան, որը պահանջում են, հորդորում են կատարել։ Ինքն էլ վախենում է։ Վստահ եմ՝ նկատել եք, որ Նիկոլ Փաշինյանը խուսափում է բանակցությունների գնալ, հիմա արդեն խոսումեն օնլայն բանակցությունների մասին, որը մի նոր տերմին էր համաշխարհային պատմության մեջ։ Խուսափում է, որովհետև խոստումնե՞րն են դեմ տալիս։ Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները ամեն մեկը իր երկրում ու այլ երկրներում գործողումների ժամանակ անդրադառնում է թեմային, իրար հետ չեն խոսում։ Սա վտանգավոր է։
Ու Ադրբեջանը, ինչպես տեսնում ենք, արդեն իր պահանջները հասկանալի է դարձնում միջազգային հանրությանը։ Եվրադեսպանն ասում է, որ դե գիտե՞ք ինչ, Լաչինի ճանապարհով փոխադրումների թափանցիկություն ապահովելու Ադրբեջանի գաղափարը օրինական է։ Իսկ Ադրբեջանը ամեն այլանդակության դիմում է՝ պատճառաբանությամբ, թե ինչ ասես տեղափոխում են միջանցքով։ Այժմ արդեն կարծիք են ձևավորում, որ Ալիևը ստիպված է փակել միջանցքը։ Բայց չէ՞ որ միջանցքը փակվել է կոնկրետ նպատակով, որի մասին տեղյակ են թե՛ միացյալ Արևմուտքը, թե՛ Ռուսաստանը, որի խաղաղապահները, իմ կարծիքով, էս պահին աննախանձելի վիճակում են։
Մենք գիտենք, որ հոկտեմբերի 6-ին Պրահայում Նիկոլ Փաշինյանը համաձայնել է տարբերակին, որ Արցախը Ադրբեջան է, արցախցիները ադրբեջանցի են, և հիմա Ալիևը հենց այդ գծով էլ շարժվում է, փակել է Լաչինի միջանցքը․ ինչպես Եվրամիության հատուկ ներկայացուցիչն է ասում՝ հավատարիմ է պայմանավորվածություններին։ Պրահայից հետո Հայաստանը ամբողջությամբ դուրս եկավ արցախյան հարցով բանակցությոններից, թե՝ թող նրանք բանակցեն, երևի հենց դրան էլ հավատարիմ է եղել Փաշինյանը։ Երկու նման բանակցություն տեղի է ունեցել՝ փետրվարի 24-ին և մարտի 1-ին։ Արցախի նախագահն ասում է, որ եթե իրենք գնացել էին բանակցելու, որ միջանցքը բացվի, հոսանքն ու գազը չանջատեն, Ադրբեջանը գնացել էր բանակցելու ինտեգրացիայի մասին։ Ու կտրուկ են դրել հարցը, ըստ Արայիկ Հարությունյանի՝ կա՛մ ընդունում եք ինտեգրացիան կա՛մ լինելու են ավելի կոշտ և կտրուկ քայլեր: Կյանքի ճանապարհը փակ է, թե դրանից կոշտ ինչ պետք է լինի, դե ենթադրեք։ Նիկոլ Փաշինյանը ողջունում է Ստեփանակերտ-Բաքու երկխոսությունը, էս երկխոսությունն ե՞ք ողջունում։ Հայոց պատմության մեջ կան նման դրվագներ, որ կանչում էին Հայաստանի թագավորներին Տիզբոն և պահանջում էին ընդունել զրադաշտություն։ Հիմա էդ Տիզբոնը եղել է Պրահան, որտեղ սա Արցախի անունից կրոնափոխ է եղել։
Փաշինյանն ինքը ամեն ինչ արեց, եվրոպացու ասելով՝ հավատարիմ մնաց պարտավորություններին, որ Հայաստանը դուրս կգա բանակցություններից ու կբանակցեն միայն Արցախն ու Ադրբեջանը, հիմա բլոկադայի մեջ 120000-ոց Արցախին 9 միլիոնանոց Ադրբեջանը պրտադրում է հանձնվել։ Ու ամենայն հավանականությամբ, Հայաստանի ուղղորդմամբ մարդիկ են գնում Արցախ որոնք համաձայն են այդ ինտեգրացիային, ոչինչ, ասում են, ի՞նչ է եղել, թող Ադրբեջանն Արցախում հանքեր շահագործի։ Ու եթե մինչ այս գիտեինք, որ Հայաստանում կան հանձնվողական դիրքորոշում ունեցողներ՝ ի դեմս իշխանության ու նրա արբանյակների, պարզվում է՝ Արցախում էլ կան ու այդ մասին խոսում է անգամ այնտեղի նախագահը։ Հայաստանում ապրողներս չենք կարող ամբողջությամբ պատկերացնել այն վիճակը, որում արցախցիներն են հիմա, դրա համար էլ հենց Արցախի ներսում գործընթացները վերլուծելը տեղին չէ։ Սակայն ակնհայտ է, որ այնտեղ խիստ անառողջ մթնոլորտ է, հումանիտար ճգնաժամին հավասար՝ անառողջ քաղաքական մթնոլորտ։ Գուցե վախենում են Նիկոլի քինախնդիր պահվածքից, որ Հայաստանը կդադարեցնի օգնությունը, բայց սենց էլ ստանում են շատ ավելի վատ վիճակ։
Արցախի պետնախարարի ելույթը ուղղակի դատապարտելի է․ Հայաստանի իշխանությունը նրանց թողել է թշնամու ճիրաններում, իսկ Արցախի պետնախարարն ասում է՝ Երևանի ու Ստեփանակերտի դիրքորոշումներում չկան տարբերություններ, նրանք հենվում են Արցախի իշխանությունների կարծիքի վրա, որն էլ ամբողջությամբ արտացոլում է Արցախի ժողովրդի նպատակները։ Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը կեղծ է, այն է, որ ավելի կարևոր է 3 միլիոն հայաստանցիների ճակատագիրը, քան 120 հազար արցախցու․ անբարոյական անմարդկային, անպատկերացնելի բաժանում ու ընտրանք է առաջ բերված, հիմա ի՞նչ՝ արցախցիները համաձա՞յն են։ Հայաստանի իշխանության տեսակետն է, որ ավելի կարևոր է մեր 29800 քառակուսի կիլոմետրը, քան Արցախից մնացած 2000 կամ 2500 քառակուսի կիլոմետրը․ համաձայն ե՞ք։ Է՝ վաղն էլ կասեն, ավելի լավ է 10 հազար քառակուսիանոց Հայաստան, քան 7, ի՞նչ է, ասելու ենք, դե ինչ անի հարիֆը՞։ Հայաստանի իշխանությունը ոչ թե Արցախի ինքնորոշումից է խոսում, այլ Ադրբեջանի կազմում արցախցիներին տեղավորելուց, ինչ է, համաձայն ե՞ք սրան։
Փաստը հետևյալն է, Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանի ու Արցախի անվտանգությունը ապահովել չի կարողանում։ Հույսը դրել է դրսի բարի փերիների վրա, հերթով փերիներն ասում են՝ կատարիր խոստումներդ, դե հիմա կկատարեն՝ կկատարեն։ Եթե մինչ այս հույս կար, թե Ադրբեջանին կստիպեն բացի ճանապարհը, հիմա արդեն, Ամերիկան՝ համանախագահի բերանով, Ֆրանսիան՝ ԱԺ նախագահի բերանով հայտարարել է, որ Ադրբեջանի դեմ անգամ պատժամիջոց չեն կիրառելու։ Սա այն նույն երկրներն են, որ էս 7 տարի է՝ Ռուսաստանի նկատմամբ էլ աշխարհի երեսին սանկցիա չեղավ չկիրառեն, այս դեպքում՝ ոչ, դե Ադրբեջանն ուրիշ է, այդտեղ Ռուսաստանի դեմ բան չկա, կարծես։ Իսկ դե փոքրաթիվ հայերը, որ մի թափ էլ կցեղասպանվեն, դա հեչ։
Կարճ ասած՝ մեզ ոչ թե փերիներն էին օգնելու, այլ՝ հմուտ դիվանագիտությունը, նորմալ բանակցողը, կազմակերպված և ուժեղ բանակը։ Երեքն էլ բացակայում են։ Մեր գլխին «խեղճ հարիֆը» նոր պատերազմ է բերում։ Ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի։ Հայաստանի իշխանությունը ապացուցել է, որ պատրաստ է հանձնել ինչ ուզում են, միայն թե պահեն իշխանությունը։ Բայց հանձնումներն էլ պետք է լինեն պատերազմով, որ իրենց չասեն դավաճան։ Սա է, իմ կարծիքով, եղելությունը։
Սևակ Հակոբյան