Զինծառայության մեջ չգտնվող անձը զինվորական համազգեստ կրելու դեպքում կպատժվի
ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 9-ի նիստում հավանություն տվեց «ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրենքում եւ մի շարք այլ օրենքներում փոփոխություններ կատարելու փաթեթին, որով պատասխանատվություն է սահմանվում զինվորական համազգեստը զինծառայության մեջ չգտնվող և այն կրելու իրավունք չունեցող անձի կողմից կրելու, պաշտպանության նպատակով օգտագործվող տրանսպորտային միջոցները տեխնիկապես սարքին և շահագործման համար պիտանի վիճակում չպահելու կամ սահմանված կարգով տրանսպորտային միջոցների ներգրավումից խուսափելու համար:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ զինվորական կանոնագրքի համաձայն սպաների կողմից կատարված կարգապահական իրավախախտումների պարագայում պարտադիր նշանակվում է ծառայողական քննություն: Այս դրույթը բավականին ծանրաբեռնում էր տարբեր տեսակի ոչ էական բնույթի տարբեր իրավախախտումների համար սպայական կազմի զինծառայողներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործընթացը:
Դրա փոխարեն, որպես ծառայողական քննության նշանակման պարտադիր դեպքեր, նպատակահարմար է սահմանել զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու, մարտական հեր¬թապահության կրման կամ սպառազինության և ռազմական տեխնիկայի շահագործման կանոնների խախտման, մարմնական վնասվածք կամ նյութական վնաս պատճառելու դեպքերը՝ որպես զինվորական ծառայության հարաբերությունների վրա առավել բացասական ազդեցություն ունեցող իրավախախտումներ:
Բացի այդ, անհրաժեշտություն է առաջացել օրենքում հստակեցնել զորահավաքային զորակոչի միջոցով զորահավաքային զինվորական ծառայություն անցնող կամ վարժական հավաքների կանչված զինծառայողների նկատմամբ խրախուսանքներ և կարգապահական տույժեր կիրառելու շրջանակը, կարգապահական տույժերի տեսակների ցանկում աշխատանքի արտահերթ վերակարգի փոխարեն նախատեսել զինծառայողի ամսական պաշտոնային դրույքաչափից պահում՝ մինչև 30 տոկոս չափով և մինչև երեք ամիս ժամկետով, հստակեցնել կարգապահական տույժերի ընտրության կարգը և կարգապահական տույժերի բողոքարկման ընթացակարգը, կանոնագրքում իրականացնել մի շարք այլ բնույթի հստակեցումներ և կարգավորումներ:
Առկա իրողություններով պայմանավորված, անհրաժեշտություն է առաջացել նաև կարգապահական իրավախախտումների տեսակները լրացնել զինծառայողի կողմից օրենքով սահմանված սահմանափակումները չպահպանելու, ինչպես նաև գաղտնիության ռեժիմի պահպանման կանոնների խախտումների համար պատասխանատվություն սահմանող հոդվածներով:
Մասնավորապես, անհրաժեշտություն է առաջացել զինծառայողների համար օրենքով սահմանված սահմանափակումների ցանկը լրացնել զինծառայության առանձնահատկություններով և ծառայության պատշաճ կազմակերպման ապահովմամբ պայմանավորված սահմանափակումներով, պահեստազորի սպայական կազմը համալրելու նպատակով առաջին սպայական զինվորական կոչում ստանալու հնարավորություն ընձեռել նաև շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունն ավարտող բարձրագույն կրթություն ունեցող այն զինծառայողներին, որոնք կամավոր հիմունքներով կանցնեն սպայական կարճաժամկետ դասընթացներ, հստակեցնել երկու եղբայրների կողմից միևնույն զորամասում ծառայություն անցնելու կարգը, քանի որ որոշակի դեպքերում մեկ եղբայրը ծառայության է նշանակված այնպիսի պայմաններով զորամասում, որոնք չեն բավարարվում մյուս եղբոր կողմից, սահմանային տարիքի հասած զինծառայողների համար սահմանել հավասար հնարավորություն՝ պայմանագրային զինվորական ծառայության ժամկետը երկարաձգելու ցանկություն ունենալու դեպքում, ինչպես նաև ավագ և բարձրագույն սպայական կազմերի պահեստազորայիններին հնարավորություն ընձեռել պայմանագրային զինվորական ծառայության ընդունվել նաև սահմանային տարիքը լրանալուց հետո, զորահավաք հայտարարված լինելու դեպքում որպես պաշտոնից ազատելու հիմքեր են նախատեսվում զինծառայողի կողմից իր պարտականությունների կատարման մեջ թերանալը կամ հինգ օրացուցային օրից ավելի հիվանդանոցային բուժման մեջ գտնվելու դեպքում, եթե բժշկական եզրացության համաձայն զինծառայողի բուժումը կարող է տևել մեկ ամսից ավելի, հստակեցվում են համապատասխան հիմքերով պաշտոնից ազատվելու դեպքում կադրերի տրամադրության տակ թողնելու ժամկետները և այն դեպքերը, որոնց հիման վրա պահպանվում է զինծառայողին պաշտոնային դրույքաչափի վճարումը:
Օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը 2022 թվականի և հետագա տարիների պետական բյուջեներում կարող է հանգեցնել լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության, որոնց հաշվարկները հնարավոր չէ կանխատեսել: