Շիրակի մարզպետի հետ հանդիպմանը ներկայացվել են բիզնեսի աջակցության գործիքակազմերը
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր հյուրընկալել է աշխատանքային այցով Գյումրիում գտնվող փոքր ու միջին բիզնեսի աջակցման պետական գերատեսչությունների ներկայացուցիչներին։
Ողջունելով հյուրերին՝ մարզպետը նշել է, որ կարևոր է համարում մարզի գործարարների հետ ապակենտրոնացված հանդիպումներն ու նրանց մտահոգությունների ու խնդիրների մասին տեղում լսելը․
«Գործարար միջավայրի բարելավումը, Շիրակում տնտեսության զարգացումը մեզ համար առաջնային կարևորության խնդիր է, շատ ուրախ եմ, որ ՀՀ կառավարությունը հստակ նախանշված քայլերով առաջ է գնում հիմնախնդիրների լուծման ճանապարհով։ Այո, անելիքներ շատ կան, սակայն վստահ եմ՝ դրանք կլուծվեն համատեղ ջանքերով, պետություն-մասնավոր հատված համագործակցության ու գործակցված աշխատանքով։ Մենք պատրաստ ենք համատեղ աշխատանքի և ջանքեր չենք խնայի այս հարցում»։
Հանդիպմանը մասնակիցները մարզպետին տեղեկացրել են, որ այցը ճանաչողական ու տեղեկատվական բնույթ ունի և նպատակ ունի մարզում գործունեություն ծավալող գործարարների հիմնախնդիրներին ու հոգսերին ծանոթանալուց զատ ներկայացնել պետական աջակցության ծրագրերն ու պետական նախաձեռնությունները, որոնք միտված են տեղի արտադրողներին ու արտահանողներին աջակցելուն։
Այնուհետև տեղի է ունեցել հանդիպում մարզում գործունեություն ծավալող արտադրությունների ղեկավարների ու գործարարների հետ։ Հանդիպման ժամանակ ներկայացվել են փոքր ու միջին բիզնեսի աջակցության գործիքակազմերը, արտահանման աջակցության գործող պետական գործիքները։
Գործարարներն էլ անդրադարձել են իրենց մտահոգող խնդիրներին, լուծման ուղղությամբ ակնկալվող ծրագրերին, գործարար միջավայրի բարելավմանը, գործարարության ընդլայնմանն և զարգացմանը, իրացման ու արտահանման հիմնահարցերին։