Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին. օրեր առաջ համապատասխան հրամանագիրը ստորագրեց Թուրքիայի նախագահը: Ընտրությունները հունիսի 18-ի փոխարեն մայիսին անցկացնելու նախաձեռնությամբ Թուրքիայի իշխանությունները հանդես էին եկել դեռ հունվարի վերջին: Ավերիչ երկրաշարժը, սակայն, ստեղծել էր անորոշ իրավիճակ: Իշխանական ճամբարում քննարկվում էր անգամ ընտրությունները հետաձգելու հնարավորությունը՝ պատճառաբանությամբ, թե աղետի գոտում հնարավոր չի լինի կարճ ժամանակում ավարտել նախընտրական աշխատանքները: Էրդողանը, այնուամենայնիվ, որոշեց չփոխել նախնական որոշումը:

Նելլի Մինասյան (թուրքագետ) - Էրդողանը չկարողացավ գտնել հիմնավորում ներսի համար, և դրսում կհամարվեր օրինական:

Ռիչարդ Կիրակոսյան (քաղաքական մեկնաբան) - Նպատակը նաև այն է, որ Թուրքիայի նախագահը ցանկանում է երկրաշարժի հասցրած վնասը վերականգնելու գործընթացը, որը միլիոնավոր դոլարներ է ենթադրում, օգտագործել քարոզարշավի ընթացքում:

Ընտրությունները նախագահական և խորհրդարանական են: Երկրաշարժի հետևանքները զգալիորեն ազդել են հանրային տրամադրությունների վրա, ինչի հետևանքով ընտրությունների հնարավոր ելքը, փորձագետների գնահատմամբ, բարդ է կանխատեսել:

ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

Նելլի Մինասյան - Իշխող ուժը ներկայացնում է «Արդարություն և զարգացում» կուսակցությունը Էրդողանի գլխավորությամբ և իր հետ դաշինք կազմած «Ազգայնական շարժում» կուսակցությունը, որ պանթուրքական կուսակցություն է: Նախորդ ընտրությունների ժամանակ այս երկու ուժը կազմեց դաշինք, և իրենց ձեռքը վերցրին իշխանության ղեկը:

Ընդդիմության դեպքում թեպետ թեկնածուն մեկն է, բայց ուժերը տարբեր են:

Նելլի Մինասյան - Թուրքիան, ի տարբերություն Ադրբեջանի, ունի ընդդիմություն: Ընդդիմադիր կուսակցությունները, չնայած ունեն միասնական թեկնածու, բայց տարբեր գաղափարների կրող են: Բացի այդ, ժամանակն է քիչ ուժերը մոբիլիզացնելու համար:

Բացի ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքից», կա ևս մեկ մեծ ընդդիմադիր ուժը՝ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը՝ իր շուրջը համախմբված ուժերով: Հենց այս կուսակցությունից է հայազգի պատգամավոր Կարո Փայլանը:

Նելլի Մինասյան - Բոլոր նշանավոր լիդերները, որոնք կարող էին ազդեցություն թողնել, ձերբակալված են և գտնվում են բանտերում, գլխատված է կուսակցությունը, Դեմիրթաշը, օրինակ, որը չգիտի էլ` ինչի համար է գտնվում այնտեղ:

Ի դեպ, այս ուժն ունի իր կայուն ընտրազանգվածը, որը նախորդ ընտրությունների ժամանակ ևս կարողացել է հավասարակշռել ներքաղական կյանքը: Թե ում թեկնածությունը կպաշտպանի քրդամետ այս ուժը նախագահի պաշտոնի համար, դեռևս պաշտոնապես չեն հայտարարել, բայց կանխատեսելի է:

Ռուբեն Սաֆրաստյան (թուրքագետ) - Նրանցից ազդակներ էին գալիս, որ կպաշտպանեն ընդդիմության թեկնածությունը:

Չեն բացառում պայմանավորվածության փաստը՝ իրենք կապահովեն քվե, մյուս կողմը՝ քաղբանտարկյալների ազատում, եթե հաղթեն:

Իսկ ովքեր են մյուս կողմում՝ 6 կուսակցությունների դաշինքը և նրա միասնական թեկնածուն:

Նելլի Մինասյան - Այս 6-ի մեջ հիմնականը 2 են, պատահական չէ, որ այս կուսակցությունները համախմբվել են դեռ քեմալական շրջանում հիմնադրված կուսակցության գլխավորությամբ, վերջին տասնամյակներում հենց այդ ուժն է համարվում հիմնական ընդդիմադիր ուժը: Երկրորդը «Լավ» կուսակցությունն է, որն առանձնացել է ազգայնական կուսակցությունից:

Մյուս 4 կուսակցությունները ավելի փոքր են, 2-ը վերջերս են հիմնադրվել՝ նախկին արտգործնախարարներ Ահմեդ Դավութօղլուի և Ալի Բաբաջանի կողմից: Նախկինում նրանք Էրդողանի կառավարության մասն են կազմել և հասարակության շրջանում ունեն ոչ միանշանակ ընկալում:

Նելլի Մինասյան - Այս ընդդիմության առանձնահատկությունն այն է, որ բոլոր ուժերը արևմտամետ են և ունեն բազմաթիվ ծրագրեր այդ երկրների հետ:

Միասնական թեկնածու առաջադրելիս ընդդիմադիր այս դաշինքը ուր որ է՝ ճաք էր տալու: Ազգայնական «Լավ» կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեները հայտարարել էր, որ իրենք չեն սատարում Ժողովրդա-հանրապետականների ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուին՝ որպես ընդդիմության միասնական թեկնածուի և նախագահի պաշտոնում տեսնում են Ստամբուլի կամ Անկարայի ընդդիմադիր քաղաքապետներին: Ի վերջո, հաջողվեց գալ համաձայնության:

Ռուբեն Սաֆրաստյան - Ստորագրվեց մի փաստաթուղթ, որը չունի նախադեպը Թուրքիայի քաղաքական կյանքում: Մի քանի կետեր բերեմ, օրինակ՝ բոլոր ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարները դառնում են փոխնախագահ, երկու քաղաքապետները նույնպես պետք է դառնան փոխնախագահ:

Բացի այդ, պայմանավորվել են նաև սահմանափակել նախագահի իրավասությունները:

Իսկ ով է ընդդիմության 74-ամյա թեկնածուն՝ Քեմալ Քըլըչդարօղլուն:

Նելլի Մինասյան - Սունի թուրք չի, դա  կարևոր ա, ալևի ա, դա է օգտագործվում իր դեմ, բայց մաքուր քաղաքական գործիչ է համարվում, կոռուպցիոն սխեմաներում չկա:

Ռուբեն Սաֆրաստյան - Նա Թուրքիայում չկոռումպացված քաղաքական գործիչ է, մաքուր է համարվում, իր անվան հետ այլ կապեր չկան:

Թե՛ ընդդիմության, թե՛ իշխանության համար քարոզարշավի ընթացքում առանցքայինը աղետի գոտին է լինելու: Ըստ փորձագետների՝ երկրաշարժը շատ բան է փոխել, որոշակի անկում է ապրել նաև Էրդողանի վարկանիշը:

Ռիչարդ Կիրակոսյանը օրերս էր Թուրքիայում, ներքաղաքական տրամադրությունների մասին է պատմում:

Ռիչարդ Կիրակոսյան - Ավելի քիչ են Էրդողանին աջակցել ցանկացող քաղաքացիները, բայց նրանք նաև հետաքրքրված չեն ընդդիմությամբ:

Էրդողանի կառավարության քննադատությունը ակտիվացել է մի քանի պատճառով՝ ոչ թափանցիկ տենդերներ, անորակ շինարարություն, աղետի գոտուն ուշացած օգնություն, վատ կազմակերպված փրկարարական աշխատանքներ:

Փորձագետների կարծիքով՝ Էրդողանը փորձելու է օգտագործել երկրաշարժից տուժած շրջանների վերականգնման ծրագրերը սեփական քաղաքական գովազդի համար. ընտրությունները հետաձգելու դեպքում դա հնարավոր չէր լինի, ավելին՝ վերականգնողական աշխատանքների ընթացքը հնարավոր է անգամ հակառակ ազդեցությունն ունենար:

Ընտրության ելքի վրա կարող է ազդել ոչ միայն մարդկանց վերաբերմունքի փոփոխությունը, այլև պարզապես՝ ֆիզիկապես ընտրությանը մասնակցելու անհնարինությունը:

Ռուբեն Սաֆրաստյան - Միլիոնավոր մարդիկ, որոնք 11 նահանգում էին բնակվում, որոնք ավերվեցին, այդ մարդիկ դուրս են եկել բնակավայրերից և ընտրական գործընթացից դուրս կմնան:

Իսկ այդ շրջանների բնակիչները, ինչպես ցույց են տալիս նախորդ ընտրությունների արդյունքները, նախկինում Էրդողանին են ձայն տվել:

Ռուբեն Սաֆրաստյան - Թուրքիայում կա մի ընտրազանգված՝ 30 տոկոս, գուցե ավելի, որ ինչ էլ լինի՝ ձայնը տալու են նրան, այդպես են ընկալում նրան՝ որպես փրկիչ, դրանք այն ընտրողներն են, որոնց ընտրական ցենզը ցածր է, գյուղերում են ապրում, իսլամամետ են:

Թուրքիայում սոցհարցումները կազմակերպվում են կա՛մ իշխանության, կա՛մ ընդդիմության կողմից, և արդյունքները փորձագետները այնքան էլ վստահելի չեն համարում:

Ռիչարդ Կիրակոսյան - Թուրքիայի քաղաքական կուլիսներում չեն բացառում այն սցենարը, որ Էրդողանը կարող է հաղթել նախագահական ընտրություններում, բայց խորհրդարանական ընտրություններում ընդդիմությունը կհաղթի: Դա կլինի հետաքրքիր մարտահրավեր Թուրքիայի համար:

Փորձագետների խոսքով՝ Թուրքիայի պատմության մեջ դա կլինի աննախադեպ իրավիճակ և կարող է հանգեցնել ճգնաժամի:

Իսկ այս ընտրական պրոցեսին ինչպիսի տրամադրվածություն ունի հայկական համայնքը:

Ստամբուլում հրատարակվող «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը մանրամասնում է՝ ընդհանուր հասարակության մեջ կա անապահովության զգացողություն, որը չի կարող չազդել նախընտրական գործընթացի վրա:

Ռիչարդ Կիրակոսյան - Հայ համայնքի տրամադրությունները տեսակավոր են, Թուրքիայի համայնքը, չնայած փոքրաթիվ լինելուն, լրիվ ինտեգրված է, և ինչ տրամադրություն կա թուրքական հաարակության մեջ, համայնքում էլ նույնը՝ փոքր մասշտաբներով, և՛ իշխանությանը, և՛ ընդդիմությանը հավանողներ կան:

Ընտրությանը ելքը, ամեն դեպքում, չի կարող շրջադարձային ազդեցություն ունենալ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա՝ փորձագետների կարծիքն է:

Ռիչարդ Կիրակոսյան - Հայաստանը կապ ու հաղորդակցություն ունի Թուրքիայի քաղաքական դաշտի բոլոր ներկայացուցիչների հետ:

Արա Գոչունյան (Ստամբուլում հրապարակվող «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր) - Թուրքիայում էս թեմայի վերաբերյալ կա կոնկրետ պետական գիծ ու այդ գիծը կյանքի կոչելու ոճը, եզրերը կարող են կուսակցությունից կուսակցությունից, ղեկավարից ղեկավար առերևույթ փոփոխություններ ունենան, բայց խորքային փոփոխություններ դժվար թե լինեն:

Երկրում մայիսի 14-ին համընդհանուր ընտրություններ նշանակելու մասին հրամանագիրը ստորագրելուց հետո Էրդողանը նշել է՝ քարոզարշավն անցկացնելու է առանց երաժշտության, ընտրողներին հանդիպելու է դեմ առ դեմ:

Թուրքիայում էլ են փորձագետները նշում՝ ներկայիս ընտրական գործընթացն ամենադժվարն է լինելու իշխող կուսակցության համար: Վերջին տվյալներով՝ ավերիչ երկրաշարժը խլել է ավելի քան 47 հազար կյանք:

Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն