Մարտի 13-ից մայրաքաղաքում մեկնարկել է ծառերի գարնանային էտը: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանձնարարել է անվտանգությունն ապահովելու նպատակով գործընթացը նախ իրականացնել խնդրահարույց այն հասցեներում, որտեղ ճյուղերը խանգարում են ճանապարհային երթևեկության նշաններին ու արտաքին լուսավորության համակարգին:

Երևանում փակ հանքերի տարածքները կկանաչապատվեն: Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել վերոնշյալ տարածքները համատեղ վերափոխելու և ֆրանսիական հաջողված փորձը Երևանում կիրառելու վերաբերյալ:

Երևանյան լճի մաքրման ծրագրով 2022թ. ծավալուն աշխատանք է իրականացվել նաև եղեգները չորացնելու համար: Տարածքից 8 հա-ից ավելի եղեգ է հանվել: Այս տարի ևս նախատեսվում են եղեգները չորացնել և մաքրել՝ Երևան մտնող Հրազդան գետի վայրից մինչև Երևանյան լիճ ընկած հատվածը:

Կենսաապահովման ոլորտում գործունեություն ծավալող կառույցներն ընթացիկ տարում ծավալուն ներդրումներ կանեն՝ միտված մայրաքաղաքի էլեկտրամատակարարման, գազամատակարարման և ջրամատակարարման բարելավմանը: Կարևորելով գործընթացը՝ քաղաքապետ Սարգսյանը միևնույն ժամանակ հանձնարարել է քաղաքապետարանի կողմից տրամադրված թույլտվությունների հիման վրա առանձնացնել հասցեներն ու տրամադրել վարչական շրջաններին՝ գործընթացը մշտական հսկողության ներքո պահելու համար:

«Քաղաքային միջավայրում առանց անհարմարություններ ստեղծելու դժվար է մեծ ծրագրեր իրագործել, և մենք պետք է համատեղ ուժերով այնպես անենք, որ գործընթացը կազմակերպվի գրագետ հաշվարկներով, տարածքներում էլ ապահովվեն սանիտարական պատշաճ վիճակն ու անվտանգության կանոնները»,- ընդգծել է քաղաքապետը:

Մայրաքաղաքում workout մարզաձևը զարգացնելու նպատակով վարչական շրջաններում կառուցվում են հատուկ մարզահրապարակներ: Գործընթացն ավարտական փուլում է Դավթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Արաբկիր և Նոր Նորք վարչական շրջաններում:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն