Օխտարի միջնակարգ դպրոցը լրացուցիչ 5-օրյա արձակուրդ կունենա. որոշումը կայացվել է նախարարարության և մարզպետարանի համատեղ քննարկումների արդյունքում։ Մարտի 10-ին տեղի ունեցած  ողբերգական վթարից հետո դպրոցի աշակերտների ու մանկավարժների մի մասը շարունակում է բուժում ստանալ Կապանի բժշկական կենտրոնում։ Մյուսները դուրս են գրվել, բայց դպրոց առայժմ չեն գնա։

Կապանի բժշկական կենտրոնում շարունակում են բուժում ստանալ մարտի 10-ի վթարից տուժած 24 ուղևորներից 12-ը։ Դպրոցականներին տեղափոխող ավտոբուսը ձորն էր ընկել 5 մետր բարձրությունից։ Ողբերգական վթարի հետևանքով մահացել էր դպրոցի ուսուցիչ Թամարա Դավթյանը։ Վթարից հետո Կապանի բժշկական կենտրոն տեղափոխվածների մի  մասն արդեն դուրս է  գրվել, բայց  շարունակում է մնալ բժիշկների հսկողության տակ։ Այս պահին 7 երեխա, 4 ուսուցիչ և ավտոբուսի վարորդն են ստացիոնար  բուժում ստանում,  մեկ հոգի տեղափոխվել է մայրաքաղաք։ Ըստ բժիշկների՝ երեխաների վիճակը բավարար է, մեծերից երեքի վիճակը  գնահատվում է ծանր, մեկ հոգի վերակենդանացման բաժանմունքում է։

Ինչպե՞ս է այս օրերին դպրոցում կազմակերպվելու ուսումնական գործընթացը։ Հարցը Սյունիքի մարզպետարանում  քննարկվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հետ։ Օխտարի դպրոցում սովորում է 37 աշակերտ, իսկ 25 աշխատակիցներից 13-ը ուսուցիչներ են։ Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերի Գանդալյան․

«Օխտարի միջնակարգ դպրոցում լրացուցիչ ուսումնական արձակուրդ է ձևակերպվել՝ ամսի 13-ից մինչև 17-ը ներառյալ։ Ամսի 20-ից 24-ը, այս պահի դրությամբ որոշել ենք իրականացնել հեռավար կրթություն։ Կխնդրենք նաև մենթոր ուսուցիչներին պարապելու այն մանկավարժների դասաժամերը, որոնք բուժման մեջ են։ Իսկ ամսի 27-ից մինչև ապրիլի 2-ը գարնանային արձակուրդներ են։ Հույս ունեմ, ուսուցիչներն ու աշակերտներն այդ ընթացքում  կազդուրված կլինեն»։



Շաբաթ օրը ավտովթարից տուժած երեխաներին ու ուսուցիչներին այցելել էին ԿԳՄՍ նախարար  Ժաննա Անդրեասյանը և  Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։  Նախարարը վստահեցրել էր, որ ողբերգական ավտովթարի հետևանքով տուժած դպրոցականներին և ուսուցիչներին նախարարությունը կաջակցի հնարավոր ամեն ինչով։

«Ինչի անհրաժեշտություն և աջակցության կարիք լինի՝ թե ուսուցիչների, թե աշակերտների համար, նախարարությունը կտրամադրի, սկսած հոգեբանական աջակցությունից»։

Նախարար Անդրեասյանը Կապանում անդրադարձել էր նաև  երեխաների տեղափոխման գործընթացին, նշել, որ ինչ տարբերակով էլ այն կազմակերպվի, պահանջները պետք է շատ հստակ լինեն՝ միասնական ստանդարտներով։ Վթարված ավտոբուսը շահագործում էր մասնավոր ընկերություն։

«Կարևորը, որ լինեն միասնական որակի ստանդարտներ, որ որպեսզի թե մեքենաների տեխզննման, թե վարորդների առողջության մասին ունենանք վստահություն»։

Մարզպետարանի կրթության վարչության պետ Մերի Գանդալյանը «Ռադիոլուրին»  նաև տեղեկացրեց, որ Կապանի բժշկական կենտրոնի հոգեբանն աշխատում է տուժած դպրոցականների հետ։ Իսկ այն երեխաների համար, որոնք արդեն դուրս են գրվել, տնային այցեր են կազմակերպվելու։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն