Ալեն Սիմոնյանին ադրբեջանցի լրագրողները հարցեր են ուղղել, բայց պատասխանները չեն հրապարակվել
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Բահրեյնում մասնակցում է Միջխորհրդարանական միության (IPU) վեհաժողովին, որը նվիրված է խաղաղության եւ անվտանգության հարցերին:
ՀՀ Ազգային ժողովի նախագահը ֆեյսբուքում գրում է, որ Բահրեյնում իր ելույթիցս հետո իրեն մոտեցել են ադրբեջանցի լրագրողները և խնդրել պատասխանել երկու հարցի:
«Ի պատասխան ասացի, որ, միևնույնն է, չեք ցուցադրելու.
-Չէ, չէ, ի՞նչ եք ասում, REAL TV ն հաստատ կցուցադրի- պատասխանեց ինձ լրագրողը:
Հարցրեցին կրակոցների մասին, որի հետևանքով ԼՂ երեք ոստիկան էր զոհվել:
Ասացի՝ մարդկանց կյանքի հետ մի խաղացեք, մենք զենք ԼՂ չենք տեղափոխում, իզուր մի փնտրեք:
Երկրորդ հարցը վերաբերում էր ականներին: Պատասխանեցի, որ նույնիսկ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանն է արձանագրել, որ նման բան չկա:
Մինչ հիմա ոչ մի կտոր այդ հարցազրույցից հրապարակված չէ:
Փոխարենը ձոն է հնչում, թե ինչպես Սագիբա Գաֆարովան՝ ԱԶ մեջլիսի նախագահը, բացահայտեց ՀՀ ԱԺ նախագահի ստերը, որ իրականում Լաչինի միջանցքը բաց է և որ հայերը 30 տարի օկուպացրել էին իրենց տարածքները և այլն, և այլն, կարճ ասած՝ հին ադրբեջանական սկավառակի նոր պրեզենտացիա:
Ազատություն եմ մաղթում հարևան երկրի ժողովրդին և մամուլին»,-գրել է Ալեն Սիմոնյանը: