Կամո Ցուցուլյանը ՓԾ անձնակազմին է ներկայացրել տնօրենի նորանշանակ տեղակալներին
ՆԳՆ ՓԾ տնօրեն, ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն այսօր խորհրդակցություն անցկացրեց՝ ՓԾ անձնակազմին ներկայացնելով ՓԾ տնօրենի նորանշանակ տեղակալներ Եգոր Կարապետյանին և Դավիթ Սարգսյանին։
Ողջունելով ներկաներին՝ ՓԾ տնօրենը շնորհավորեց նորանշանակ տեղակալներին.
«Մարտի 16-ին ՆԳ նախարարի հրամանով Ե․ Կարապետյանը և Դ․ Սարգսյանը նշանակվել են ՓԾ տնօրենի տեղակալներ․ վերջիններիս շնորհվել է «փրկարարական ծառայության գնդապետ» կոչում։ Դ․ Սարգսյանը երկարամյա օպերատիվ ծառայության փորձ ունի, իսկ Ե․ Կարապետյանը ծառայության մասնագետ է, ով բազմամյա փորձ ունի նաև ոստիկանության զորքերում»,- նշել է ՓԾ տնօրենը, ավելացնելով՝ «Ուզում եմ նշել, որ միասին երկար ճանապարհ ենք անցել․ նրանք այն մարդիկ են, որ մշտապես կանգնած են եղել երկրի հենքում և արդյունավետ ծառայել իրենց վստահված ոլորտներում։ Այժմ եկել են Փրկարար ծառայություն՝ մեզ հետ համատեղ շարունակելու ծառայությունը»:
Կամո Ցուցուլյանը համոզմունք է հայտնել, որ նորանշանակ տեղակալներն իրենց փորձով, գիտելիքով ու կարողություններով կօժանդակեն համակարգի զարգացմանը՝ յուրաքանչյուրն իր պատասխանատվության ոլորտներում ապահովելով թափանցիկություն, արդյունավետություն, աշխատանքային բարձր կարգապահություն և ամրապնդելով ժողովրդի վստահությունը Փրկարար ծառայության հանդեպ:
Նորանշանակ տեղակալները շնորհակալություն հայտնեցին ՆԳ նախարարին և ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալին վստահության համար, նշելով, որ իրենց ողջ ներուժը կներդնեն համակարգում՝ թիմային արդյունավետ աշխատանք ապահովելու նպատակով։
Ցուցուլյանը նաև նշել է, որ ծառայության աշխատանքն առավել արդյունավետ կազմակերպելու համար կատարվել է տնօրենի տեղակալների համակարգման ոլորտների բաշխում, ինչպես նաև ընդգծել Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի և Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի հետ արդյունավետ համագործակցության շարունակական աշխատանքների անհրաժեշտությունը։
Անդրադառնալով համակարգում ամենօրյա ընթացիկ աշխատանքներին՝ Կամո Ցուցուլյանը կարևորել է փրկարարների կամավոր ատեստավորման հարցը՝ հանձնարարելով ցուցաբերել ակտիվ մասնակցություն:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ տնօրենը մի շարք հանձնարարականներ է տվել տեղակալներին և ստորաբաժանումների ղեկավարներին, մեկ անգամ ևս շնորհավորել նորանշանակ տեղակալներին և մաղթել բեղմնավոր աշխատանք։