Արդարադատության նախարարությունը ներկայացրել է փետրվարին ՔԿՀ-ներում հայտնաբերված խախտումների հաշվետվությունը
Արդարադատության նախարարությունը ներկայացրել է փետրվար ամսվա ընթացքում Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում հայտնաբերված թմրամիջոցների և այլ արգելված իրերի վերաբերյալ հաշվետու զեկույցը:
Այսպիսով` «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները խուզարկության են ենթարկել կարճատև տեսակցությունից դուրս եկած կալանավորված անձին: Վերջինիս ներքնազգեստում՝ նախապես պատրաստված թաքստոցից, հայտնաբերվել է փաթեթ, որում առկա են եղել հերոին տեսակի թմրամիջոցին նմանվող շագանակագույն զանգված և մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող սպիտակ զանգված:
Մեկ այլ դեպքով՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողներն զննության են ենթարկել հիմնարկի երկու տեղամասերի միջև ընկած տարածքը, ինչի արդյունքում խցերի պատուհանների տակ հայտնաբերվել է կպչուն, սև ժապավենով փաթեթավորված կասկածելի փաթեթ, որում առկա են եղել 8 առանձնացված փաթեթներ՝ տարբեր թմրանյութերին նմանվող զանգվածներով: Զննությամբ հայտնաբերվել են նաև էլեկտրոնային կրակայրիչ և կոտրված սրվակ՝ լցված էլեկտրոնային ծխախոտի համար նախատեսված յուղի նմանվող զանգվածով։
«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները խուզարկության են ենթարկել երկարատև տեսակցության եկած դատապարտյալ Ա․ Ն․-ին և տեսակցության սենյակը, որտեղից հայտնաբերել ու առգրավել են ձողին ամրացված փաթեթ, բջջային հեռախոս, ինչպես նաև մեկ այլ փաթեթ՝ պատուհանի հարակից տարածքից:
Դատապարտյալի մոտից առգրավված փաթեթում առկա է եղել սպունգով փաթաթված 3 բջջային հեռախոս, իսկ տեղանքից հայտնաբերված փաթեթում՝ 2 բջջային հեռախոս և 2 լիցքավորման լար։
Հայտնաբերվածների առնչությամբ դատապարտյալը խոստովանել է, որ արգելված իրերը պատկանում են իրեն։
«Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողներն արգելված իրերի հնարավոր ներնետման մասին տեղեկությունն ստուգելու համար իրականացրել են տեղազննություն և պատժախցերի մասնաշենքի հետնամասում՝ ձնածածկույթի վրա, հայտնաբերել են դեղին, կպչուն ժապավենով փաթեթավորված, կասկածելի պարունակությամբ փաթեթ։ Փաթեթի զննությամբ հայտնաբերվել են ծխախոտի տուփի մեջ լցված «Լիրիկա 300մգ» գրառմամբ 10 դեղապատիճ, սպիտակ, փոշենման և դեղնականաչավուն, չոր զանգվածներով երկուական փաթեթ, ինչպես նաև՝ պլաստմասե տարայով հեղուկ։
Մեկ այլ դեպքով՝ «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողներն դատապարտյալների համար նախատեսված բաղնիքի մասնաշենքի հարակից տարածքի ձնածածկույթին հայտնաբերել են սև ժապավենով ծանրությունն ապահովող քարին ամրացված փաթեթ և ազդանշանի համար նախատեսված լուսարձակող կրակայրիչ: Փաթեթում առկա է եղել բաց դարչնագույն փոշեզանգված:
«Արթիկ» քրեակատարողական հիմնարկի ծառայողները հիմնարկի բնակելի գոտում՝ հանձնուքների ընդունման և տրամադրման սենյակի պատուհանի դիմաց, նկատել են հեռակառարվող անօդաչու թռչող սարքի միջոցով ներնետված կասկածելի փաթեթ՝ մետաղյա կախիչով։ Փաթեթի զննությամբ հայտնաբերվել են շագանակագույն, փոշենման, կոշտացած զանգվածներ, մանրացված չոր զանգվածներ, բջջային հեռախոսի 6 մարտկոց և 4 բջջային հեռախոս, որոնցից 3-ը վնասվել են հեռակառարվող անօդաչու թռչող սարքի բարձր լինելու պատճառով։
«Գորիս» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձը տեղափոխվել էր Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժնի ձերբակալվածներին պահելու վայր՝ հաջորդ օրը կայանալիք դատական նիստին ներկա գտնվելու համար:
Կալանավորված անձը՝ «Գորիս» քրեակատարողական հիմնարկ վերադառնալուն պես, ենթարկվել է անձնական խուզարկության, իսկ նրա մոտ եղած իրերը զննվել են անվտանգության ռենտգեն սարքի միջոցով: Զննության արդյունքում կալանավորի ուտեստի միջից, որը Կապանի բաժնի ՁՊՎ-ում ստացել էր որպես հանձնուք, անվտանգության ապահովման բաժնի ծառայողները հայտնաբերել են ռետինե ձեռնոցով փաթաթած բջջային հեռախոս և USB լար:
Վերը թվարկված բոլոր դեպքերով նախաձեռնվել են քրեական վարույթներ, նշանակված են դատաքիմիական փորձաքննություններ: