ՀՀ տարածքային կառավարման նախկին նախարար, ԱԺ նախկին նախագահ, նախկին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանից, նրա կնոջից՝ Ջ.Ա.-ից, որդուց, դստրերից, իրեն փոխկապակցված այլ անձանցից ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործն ընդունվել է վարույթ, հայտնում է գլխավոր դատախազությունը։

Գերատեսչությունից հայտնում են, որ Գլխավոր դատախազությունը պահանջ է ներկայացրել դատարանին վերոնշյալ անձանցից հօգուտ ՀՀ բռնագանձել 59 անշարժ գույք, 4 ավտոմեքենա, 20 ընկերությունների մասնակցություններ և բաժնետոմսեր. շուկայականից էականորեն ցածր արժեքով օտարված 9 գույքերի շուկայական արժեքներ՝ ընդհանուր՝ 1 մլրդ 628 մլն 277 հազար 90 դրամ, ընկերություններին տրված փոխառություններից ծագող պահանջի իրավունք՝ 11 մլն 292 հազար 570 ԱՄՆ դոլարի, 687 մլն 500 դրամի և 3 մլն 117 հազար 680 եվրոյի չափով և 21 մլրդ 202 մլն 67 հազար 797 դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդի և օրինական եկամուտներով չհիմնավորվող, բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված կամ չնույնականացված դրամի հանրագումար:

Մեկ այլ հայցադիմումով Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանց» ծրագրի «Տրանշ 1» և «Տրանշ 2» հատվածների կապալառու իսպանական «Կորսան Կորվիամ Կոնստրուկցիոն» ընկերության հայաստանյան մասնաճյուղի ենթակապալառու «Պոլի-Տրանսպորտ» ՍՊ ընկերության բաժնետեր Գ.Վ.-ի դեմ։

Պահանջվում է հօգուտ ՀՀ որպես ապօրինի ծագում ունեցող գույք բռնագանձել՝ Երևան քաղաքի Աջափնյակ համայնքի Վահագնի թաղամասի Ն. Շնորհալի փողոցում գտնվող բնակելի տունը, 2 տրանսպորտային միջոց, 3 իրավաբանական անձանցում մասնակցություն, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը, որն ընդհանուր կազմում է ավելի քան 163 միլիոն դրամ, ինչպես նաև 33 միլիոն դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդի և օրինական եկամուտներով չհիմնավորվող, բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված դրամի հանրագումար:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն