Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը արտահերթ գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարեց իր հրաժարականի մասին։

«Ուզում եմ հայտնել իմ հրաժարականի մասին, միևնույն ժամանակ հայտնելով, որ շարունակելու եմ լինել քաղաքական թիմի հետ։ Շարունակելու եմ աշխատել մեր պետության կայացման զարգացման ուղղությամբ»,- ասաց նա։ 

Նա հիշեցրեց, որ Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում ՔՊ-ի թեկնածուն փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն է, և հույս հայտնեց, որ նա կընտրվի։

«Հույս ունեմ, որ ՔՊ-ն կստանա երևանցու վստահության քվեն, և հնարավորություն կուենանք շարունակել մեր համայնքի համար գերակա կարևոր ծրագրերը, որը մենք իրար հետ համատեղ սկսել ենք 2018 թվականից»,- նշեց Սարգսյանը։ 

Նրա կարծիքով՝ իրենք 4,5 տարվա ընթացքում «Իմ քայլը» դաշինքի ծրագրերի մեծ մասը իրականացրել են։

«Իհարկե, տարբեր խոչընդոտներ են ի հայտ եկել իրականացման թփուլում, բայց ակնհայտ է, որ կան փոփոխություններ եւ այդ փոփոխությունները օր օրի ավելի տեսանելի են լինելու։ Սկսած տրանսպորտի, կանաչապատման, սոցիալական, իրավական, քաղաքաշինական ոլորտներում։ Այո, կան բացթողումներ, բայց ես ուրախ եմ նրանով, որ եթե համեմատում ենք 2018 թվականից հետո, ապա արդեն քաղաքացիների ակնկալիքները քաղաքային իշխանություններից այլ հարցադրումների ներքո են արվում, ինչը գոհացուցիչ է»,- ասաց նա։ 

Հրաչյա Սարգսյանը քաղաքապետ էր ընտրվել 2021 թվականի դեկտեմբերի 22-ին ավագանու արտահերթ նիստում։ Մինչ այդ, 2018 թվականի հոկտեմբերի 29-ից նա զբաղեցնում էր Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն