Բրիտանիան մտադիր է «Վագներ» ՄՌԸ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչել. Times
Մեծ Բրիտանիայի կառավարությունը նախատեսում է առաջիկա շաբաթներին «Վագներ» մասնավոր ռազմական ընկերությունն ահաբեկչական կազմակերպություն ճանաչել։ Այս մասին, հղում կատարելով բրիտանական կառավարությանը, տեղեկացրել է Times-ը։
Պարբերականի տվյալներով՝ բրիտանական իշխանությունները պատրաստել են իրավաբանական հիմքեր, որպեսզի «Վագներ» ՄՌԸ-ն ընդգրկվի ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում երկու ամսվա ընթացքում։ Այս նախաձեռնության նպատակը Ռուսաստանի վրա ճնշում գործադրելն է։
Ինչպես նշվել է Times-ի հրապարակման մեջ, «Վագներ» ՄՌԸ-ն ահաբեկչական համարելը Մեծ Բրիտանիայում քրեական հանցագործություն կդարձնի դրան պատկանելը։ Այդպիսին կհամարվեն նաեւ ՄՌԸ-ի կազմակերպած միջոցառումների այցելությունները, նրան աջակցություն հայտնելը կամ նրա խորհրդանշանները կրելը։
Նշվել է, որ «Վագներ» ՄՌԸ-ի հանդեպ կարող են մտցվել նաեւ ֆինանսական պատժամիջոցներ, իսկ կազմակերպության անդամներին կարգելվի դիմել Բրիտանիայի դատարաններ լրագրողների եւ իրավապաշտպանների դեմ հայցերով։