Թուրքիայում ընտրություններին ռուսական միջամտության մասին խոսք լինել չի կարող. Պեսկով
Թուրքիայի նախագահի ընդդիմադիր թեկնածու, Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն Twitter-ի միկրոբլոգում ռուսերեն գրառում է կատարել, Մոսկվային կոչ արել չմիջամտել Հանրապետությունում մայիսի 14-ին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններին։
«Հարգելի՛ ռուս բարեկամներ, եթե ցանկանում եք, որ մեր բարեկամությունը շարունակվի նաև մայիսի 15-ից հետո, ձեռքներդ հեռու պահեք թուրքական պետությունից»,- նշել է պաշտոնյան: Քըլըչդարօղլուն նաև բազմիցս հայտարարել է, որ ընտրություններում հաղթելու դեպքում իր թիմն առաջնահերթություն կտա Արևմուտքի, ՆԱՏՕ-ի և ոչ թե Կրեմլի հետ հարաբերությունների զարգացմանը:
ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄԻՋԱՄՏՈՒՄ ԱՅԼ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻՆ. ՊԵՍԿՈՎ
Մոսկվան արձագանքել է. Կրեմլի խոսնակը հավատացրել է՝ Թուրքիայում ընտրություններին ռուսական միջամտության մասին խոսք լինել չի կարող։
«Չգիտեմ՝ ինչո՛ւ են նման հայտարարություններ արվում: Մենք չենք միջամտում այլ պետությունների ներքին գործերին»,- ընդգծել է Դմիտրի Պեսկովը, հավելել՝ Մոսկվան կարևորում է հարաբերությունները Անկարայի հետ, որը մինչ այժմ շատ պատասխանատու և ինքնիշխան դիրքորոշում է ունեցել տարածաշրջանային և միջազգային հարցերում։
«Թուրքական ընդդիմության առաջնորդին նման տեղեկատվություն տրամադրողը ստախոս է»,- եզրափակել է Կրեմլի խոսնակը։
***
Վրաստանի օդանավակայաններում գործող ընկերությունները կարող են հայտնվել պատժամիջոցների տակ, եթե սպասարկեն ռուսական ինքնաթիռները՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալը՝ մեկնաբանելով Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ չվերթերի վերսկսման հնարավորությունը:
«Արևմտյան հանրությունը հեռավորություն է պահում ռուսական ռեժիմից, և այժմ ժամանակը չէ, որ որևէ երկիր ընդլայնի գործակցությունը Ռուսաստանի հետ: Վրաստանի ժողովուրդը, ամենայն հավանականությամբ, կնախընտրեր տեսնել՝ ինչպես է նախագահ Պուտինը դուրս բերում ռուսական զորքերը Վրաստանի տարածքի 20 տոկոսից, այլ ոչ վերականգնում ուղիղ չվերթերը կամ չեղարկում վիզային ռեժիմը»,- մանրամասնել է Վեդանտ Պատելը:
Ավելի վաղ՝ Վրաստանի վարչապետը ողջունել է վիզային ռեժիմի չեղարկման և երկրների միջև թռիչքները վերսկսելու Մոսկվայի որոշումը, իսկ Արևմուտքի հնարավոր պատժամիջոցների մասով Իրակլի Ղարիբաշվիլին մատնանաշել է Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև Թուրքիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Իսրայելի օրինակը, որոնք ուղիղ օդային կապեր ունեն Ռուսաստանի հետ։
***
Հացահատիկի գործարքի երկարաձգման հարցով մայիսի 10-11-ը Ստամբուլում Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների բանակցությունները կառուցողական էին, համաձայնագրերը կարող են երկարաձգվել՝ հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարության նախարարը։ Հիշեցնենք՝ սևծովյան գործարքի ժամկետը լրանում է մայիսի 18-ին: Հուլուսի Աքարի խոսքով՝ կողմերը քննարկել են նաև Թուրքիա առևտրային նավերի անվտանգ վերադարձի հնարավորությունը, որոնք պատերազմի պատճառով մնացել են ուկրաինական նավահանգիստներում։
ՌԴ փոխարտգործնախարարն էլ ստամբուլյան բանակցությունների արդյունքներով զգուշացրել է՝ Մոսկվան դուրս կգա հացահատիկի նախաձեռնությունից, եթե Մոսկվայի պահանջները չկատարվեն և ռուսական պարարտանյութերն ու գյուղմթերքը չարտահանվեն: Սերգեյ Վերշինինը նաև մտահոգություն է հայտնել, թե սևծովյան նախաձեռնության շրջանակում ուկրաինական հացահատիկը չի ուղարկվում սոված երկրներ: Նրա խոսքով՝ մատակարարումներից հիմնականում օգտվում են հարուստ պետությունները:
***
Իսրայելական բանակը վերսկսել է հարվածները Գազայի հատվածում «Իսլամական ջիհադ» արմատական խմբավորման թիրախներին՝ ի պատասխան Գազայից հրեական պետության դեմ հերթական հրթիռային հարձակմանը՝ հայտնում է երկրի բանակի մամուլի ծառայությունը։
Երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուն էլ երկրի անվտանգության գերատեսչությունների ներկայացուցիչների հետ հերթական խորհրդակցությունն է անցկացրել: Քննարկումներին մասնակցել է նաև պաշտպանության նախարար Յոավ Գալանտը։
Լրատվամիջոցները գրում են, որ այս շաբաթ Իսրայելի ուղղությամբ Գազայից արձակվել է ավելի քան 860 հրթիռ, ի պատասխան՝ իսրայելական բանակը խոցել է անկլավում «Իսլամական ջիհադ» խմբավորման 215 թիրախ։
***
Իսլամաբադի բարձրագույն դատարանը երկու շաբաթով գրավի դիմաց ազատ է արձակել Պակիստանի նախկին վարչապետ, այժմ ընդդիմության առաջնորդ Իմրան Խանին, որը մայիսի 9-ին ձերբակալվել էր պաշտոնավարման ընթացքում կոռուպցիոն հանցագործություններ կատարելու մեղադրանքով. խոսքը միլիոնավոր դոլարների մասին է: Երկրի ներքին գործերի նախարարն էլ հայտարարել է, որ իշխանությունները կրկին կձերբակալեն նախկին վարչապետին, եթե վերջինս գրավի դիմաց ազատ արձակվի:
Խանի կալանավորումը Պակիստանում զանգվածային ցույցերի պատճառ է դարձել՝ անկարգություններ, իրավապահների և նախկին վարչապետի կողմնակիցների միջև բախումներ, զոհեր և վիրավորներ, 2000-ից ավելի ձերբակալվածներ: Լարվածությունը երկրում, մասնավորապես մայրաքաղաքում պահպանվում է: