Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները շարունակում են ԱՄՆ-ի համար առաջնահերթություն մնալ․ Պետդեպ
Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները շարունակում են ԱՄՆ-ի համար առաջնահերթություն մնալ, ամենօրյա ճեպազրույցում ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը՝ պատասխանելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման մասին հարցին։
«Ինչպես գիտեք, պետքարտուղարը մի քանի շաբաթ առաջ ընդունել է երկու կողմերին այստեղ՝ Վաշինգտոնում։ Մենք հասկանում ենք, որ դրանից հետո բանակցությունները շարունակվել են Բրյուսելում, և մենք աջակցում ենք, որ բանակցությունները շարունակվեն։ Ինչպես արդեն ասել ենք, մենք հավատում ենք, որ համաձայնությունը ձեռք է բերվել, և շարունակում ենք հորդորել երկու կողմերին աշխատել, որպեսզի համաձայնության գան դեռևս չլուծված հարցերի շուրջ»,- ասել է խոսնակը։
Երեկ ուշ երեկոյան Կրեմլում կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
Քննարկվել են տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքները շարունակել մեկ շաբաթից՝ երեք երկրների փոխվարչապետների հանդիպման շրջանակներում։