Օրերս Կապանում տեղի է ունեցել «Սյունիքը՝ պատմական, ռազմավարական նշանակության, տնտեսական համագործակցության և ներդրումային հեռանկարի համատեքստում» հայ–իրանական գիտաժողովը։ Ի՞նչ թեմաներ ու հարցեր են քննարկել գիտաժողովի մասնակիցները։



Բերձորը՝ Բերդ, Սևանը՝ Սևադա լիճ, Սյունիքը՝ Սիսական, Կապանը՝ Կաֆան․ այսպես են հայկական տեղանունները ներկայացված 16-17–րդ դարերի իրանցի և օսմանցի գիտնականների աշխատություններում։ Այս մասին Կապանի գիտաժողովում ասաց Իրանի խորհրդարանի նախկին պատգամավոր, պատմական գիտությունների թեկնածու Կարեն Խանլարին։

Կապանի համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը «Սյունիքը՝ պատմական, ռազմավարական նշանակության, տնտեսական համագործակցության և  ներդրումային հեռանկարի համատեքստում» խորագրով գիտաժողովը աննախադեպ է համարում ոչ միայն գիտական, այլև քաղաքական և պետական, երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդման առումով․



«Լրանում է Արցախյան մերօրյա պատերազմի 3-րդ տարին, որտեղ նահատակվեցին արժանապատիվ հայորդիներ, այդ թվում 228-ը Սյունիքից, որից 50–ը Կապան համայնքից։ Պատերազմից հետո Հայաստանը, հատկապես Սյունիքը հայտնվել են ռազմաքաղաքական նոր իրավիճակում։ Մենք կանգնած ենք մի շարք մարտահրավերների և անպատասխան հարցերի դեմ–հանդիպման։ Սյունիքի հանդեպ Ադրբեջանի տարածքային նկրտումները մերժելի են ի սկզբանե։ Երբևէ գոյություն չունեցող Զանգեզուրի միջանցքի բացումը մեր երկրի ինքնիշխանության հաշվին՝ մերժելի է։ Սյունիքում ժողովրդագրական փոփոխություններ կատարելու ադրբեջանական ցնորամիտ ծրագրերը մերժելի են։ Հաճելի է նկատել, որ հայ ժողովրդի հետ համամիտ է մեր հզոր բարեկամը՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը»։

Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը, խորհրդարանի պատգամավորներ, մոտ երկու տասնյակ իրանցի և հայ գիտնականներ ներկայացրին երկու երկրների բարեկամությանը, տնտեսական ու մշակութային կապերին վերաբերող պատմական փաստեր ու ապագայի տեսլականը։



Միջանցքների պատերազմ՝ Հայաստանում և Արցախում ստեղծված իրավիճակին նման գնահատական տվեցին գիտաժողովի մասնակիցները։  Ադրբեջան-Թուրքիա տանդեմի կողմից «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը ոչ թե Նախիջևանի հետ կապ պաշտպանելու համար է, այլ բոլորովին ուրիշ նպատակ ունի, համոզված է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի պրոֆեսոր Գևորգ Ստեփանյանը․

«Տեղի ունեցող գործընթացները ցույց են տալիս, որ Ադրբեջանն Արցախի տարածքը  բռնակցելուց հետո, հող է նախապատրաստելու Սյունիքի բռնազավթման համար։ Նպատակը անշուշտ ոչ միայն Սյունիքը զավթելն է ու համաթուրքական ծրագրով Նախիջևանի հետ ցամաքային կապ հաստատելը, այլև Արցախ-Սյունիք-Նախիջևանը Իրանի դեմ ագրեսիվ գործողությունների համար ռազմական հարթակ դարձնելը»։

Եթե այնպիսի քաղաքականություն վարվի, որը կխախտի Իրան- Հայաստան սահմանը՝ ապա մենք ընդդիմանալու ենք՝ ասում է Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս Վարամին Մորթեզա Աբեդին՝ մեջբերելով պաշտոնական Իրանի տեսակետը․

«Նմանօրինակ անկայուն իրավիճակները տարածաշրջանի խաղաղության համար վնասակար են։ Մենք հավատացած ենք, որ տարածաշրջանի երկրների քարտեզները որևէ փոփոխության չպիտի ենթարկվեն, և մենք դա թույլ չենք տա։ Այս միջազգային գիտաժողովը Կապանի համայնքապետարանի ու իրանական կողմի երկուստեք մտահոգությունների արդյունքում իրականացավ։ Հաշվի է առնվել Սյունիքի կարևոր նշանակությունը թե՛ Հայաստանի, թե՛ Իրանի համար»։

Իրանը ձգտում է աջակցել տնտեսական ինտեգրումներին, սակայն ըստ գլխավոր հյուպատոսի՝ որոշ ուժեր, տարածաշրջանային գերտերություններ փորձում են լարվածություն հրահրել՝ սառը պատերազմի իրենց տեսլականով ձգտելով աշխարհը բևեռների բաժանել, ինչը հետադիմական մոտեցում է և վնասում է ժողովուրդների ապահով կյանքին՝ համոզված է Իրանի հյուպատոսը․

«Գիտեք, որ մարզով է Իրանի համար ճանապարհ բացվում դեպի Սև ծով։ Օրական բազմաթիվ բեռնատարներ են անցնում այստեղով։ Իրանի նախագահն ու Հայաստանի վարչապետը համագործակցության պայմանագիր են կնքել․ այս պահին 700 մլն դոլարի ապրանքաշրջանառություն է իրականացվում, և ձգտում ենք հասցնել մինչև 3 միլիարդի։ Եթե տարածաշրջանն անվտանգ չհամարվի, ապա այս ամենը հնարավոր չի լինի իրականացնել»։

8 ժամ տևած գիտաժողովում քննարկվեցին Սյունիքում հայ–իրանական հետագա համագործակցության ընթացքը՝ որպես ադրբեջանա-թուրքական տանդեմի հակակշիռ, ինչպես նաև Սյունիքի դերը Իրան-Հայաստան միջանցքի ամրապնդման գործում։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն