ԵՄ դատախազները քննում են Ուրսուլա ֆոն դեր Լեյենի դեմ գործը
ԵՄ դատախազները փոխարինել են բելգիացի դատախազներին, որոնք հետաքննում էին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի գործը՝ «հանրային գործառույթներին միջամտելու, ապացույցների ոչնչացման, կոռուպցիայի և շահերի բախման վերաբերյալ», հայտնում է Politico թերթը՝ հղում անելով աղբյուրներին։
Եվրահանձնաժողովի ղեկավարին կասկածում են 2021 թվականին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի գնման պայմանագիր կնքելու ժամանակ Pfizer-ի գործադիր տնօրեն Ալբերտ Բուրլայի հետ պայմանավորվածության մեջ մտնելու համար։
ԵՄ դատախազությունը ղեկավարում է ֆինանսական հանցագործությունների համաեվրոպական հետաքննությունը և իրավունք ունի առգրավել հեռախոսներ և այլ սարքավորումներ Եվրահանձնաժողովի գրասենյակներում, ինչպես նաև խուզարկություններ անել եվրոպական երկրներում։
«Այդ առումով ամեն ինչ ասվել և արվել է, սպասենք արդյունքներին», - մեկնաբանել է Լեյենը իրավիճակը:
Ուրսուլա ֆոն դեր Լեյենի դեմ պատվաստանյութերի գնման պայմանագրի գործով հայցը բելգիական դատարան է ներկայացվել 2023 թվականին։ Նախնական հայցվորը լոբբիստ Ֆրեդերիկ Բալդանն էր, որը ԵՀ ղեկավարին մեղադրել էր իշխանության չարաշահման համար։ Այնուհետև նրան միացել են Հունգարիան և Լեհաստանը, սակայն վերջինս Դոնալդ Տուսկի՝ վարչապետ դառնալուց հետո հետ է վերցրել իր հայցը։
Դեռևս 2021 թվականի աշնանը The New York Times-ը հայտնել էր, որ Եվրահանձնաժողովի ղեկավարը և ամերիկյան Pfizer ընկերության գործադիր տնօրեն Ալբերտ Բուրլան նամակագրություն են վարել նախքան Եվրամիության պատմության մեջ պատվաստանյութերի գնման խոշորագույն պայմանագիրը կնքելը: Գործարքի արժեքը կարող է հասնել 35 միլիարդ եվրոյի, նշել է հրատարակությունը։ Ֆոն դեր Լեյենին կասկածում են բանակցային գործընթացի վրա «ուղղակի ազդեցություն» ունենալու համար: Կասկած կա նաև առ այն, որ գնված պատվաստանյութերի քանակը կարող էր զգալիորեն գերազանցած լինել կարիքները։ Խոսքը ԵՄ կարիքների համար 1,8 միլիարդ չափաբաժնի գնման պայմանագիր կնքելու մասին էր։
2023 թվականի հունվարին NYT-ն դատի է տվել ֆոն դեր Լեյենին՝ Pfizer-ի ղեկավարի հետ նամակագրությունը հրապարակելուց հրաժարվելու համար։