«Հրապարակի» հարցազրույցը ԳԽ նախկին պատգամավոր, ԽՍՀՄ օրոք այլախոհ Ազատ Արշակյանի հետ

-Պարոն Արշակյան, կարո՞ղ եք հանգիստ խղճով ասել, որ Հայաստանն այսօր ունի անկախություն։ 

- Այո։ Ոչ միայն հանգիստ խղճով, չարչարված խղճով, աշխատած խղճով։ Իմ խիղճը հանուն անկախության հանգիստ է, որովհետև ինչ հնարավոր է եղել, ես իմ բաժինն արել եմ։ Եվ հայկական պետությունը կա, նույնիսկ այդ օրը նշում է։ Երբ Հայաստանի Հանրապետությունում նշում են Անկախության տոն, նշանակում է՝ ինչ-որ բան կա։

-Ինչ-որ բա՞ն։ Արցախում էլ ինչ-որ բան կա։

-Ավելի շատ չի եղել։ Այնպես չէ, որ շատ է եղել, հիմա էլ պակասել է։ Ոմանց թվում է, թե առաջ ավելի լավ էր․ երբևէ մեր անկախությունն ավելի շատ չի եղել։ Միշտ էլ եղել է ԷՍ-ԷՍ-ԷՌ, Էս-Էն-Գե, պարսկական, հունական, արաբական, պարթևական։

-91 թվականին ոչմիական չի եղել, եղել է Հայաստանի երրորդ հանրապետություն։

- Ձեզ ո՞վ է ասում, որ այդպիսի բան է եղել։ Օկուպացիոն զորքերը եղել են Հայաստանում և կան։ 1920 թվականին ռուսական բանակը թուրքական բանակի հետ օուպացրել է Հայաստանը, Արևմտյան Հայաստանում Արաքսից այն կողմ թուրքական բանակն է, այս կողմը՝ ռուսական բանակը։ Ռուս-թուրքական ագրեսիայից հետո որևէ փոփոխություն եղե՞լ է: Մենք 91 թվականին ավելի շատ անկախություն չունեինք․ օկուպացիոն բանակն Արաքսից այս կողմ և այն կողմ եղել է․ թուրքական բանակը ՝ Նախիջևանում, Ղարաբաղում, Ղարսում, Արդահանում, Վանում, ռուսական բանակը՝ Երևանում, Գյումրիում․․․

-Մենք հիմա պատմական Հայաստանի մասի՞ն ենք խոսում։

-Հայաստանի մասին։ Հայաստանի Հանրապետության, որն Ազգերի լիգայում ճանաչվել է։ Այդ ճանաչված երկիրն օկուպացրել են թուրքական և ռուսական բանակները, որոնք շարունակում են մնալ Հայաստանում․ 91 թվականին, 95-ին, 85, 75, 25, 45։

-Պարոն Արշակյան, ասում եք՝ ավելի անկախ չի եղել, քան հիմա։ Բայց մեր բանա՞կն է պահել մեր սահմանները, Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ-ին է հրավիրում։ Այնուամենայնիվ, չե՞ք կարծում, որ հիմա պակաս անկախ ենք։ Կամ խոսքը պարզապես արդեն սիմվոլիկ անկախության մասին է։

-Սիմվոլիզմն ուրիշ բանի մեջ է։ Այն ժամանակ էլ Հայաստանը բոլոր իմպերիական ծրագրերին՝ Ռոմանովների իմպերիայի, Լենին-Ստալին, Բրեժնև-Խրուշչով, Ելցին-Պուտին իմպերիայի ծրագրերին միշտ ասել է «այո»։ Ոչ մի անգամ չի ասել «ոչ»։

-Ինչպե՞ս ասեր «ոչ», եթե մենք շրջապատված ենք թշնամական պետություններով, քիչ ենք, տնտեսություն չունենք և արտագաղթելու բնավորություն ունենք։

-Մենք ո՞նց պետք է լինենք շատ։ Շատ․․․ հենա Հնդկաստանում շատ են, Չինաստանում շատ են, նրանք էլ այդպիսին են։ Ես չգիտեմ, թե այսօր Հայաստանի իշխանության առաջ ինչ խնդիր կա, ինքը ինչ-որ բաներ մեզ ուղարկում է, մի մասը հասկանալի է, մի մասը՝ ոչ։ Ինձ համար, օրինակ, անհասկանալի է հայոց լեզվի անպաշտպան լինելը Հայաստանում։ Դա իմպերիային՝ Եվրազեսին առանձնապես չի հետաքրքրում, թե մենք ինչ լեզվով ենք խոսում, որովհետև նրանք ընդհանրապես, նույնիսկ կարևոր հարցերում մեզ չեն նկատում։ Մենք ինչ լեզվով կխոսենք իրար հետ, դա նրանց չի հետաքրքրում։ Բայց մեր խնդիրն է, օրինակ, որ խոսենք պետական գրական հայերենով։ Գոնե պաշտոնյաները։ Ասածս այն է, որ բաներ կան, որ կարելի էր անել, բայց չեն անում։ 

-Հիմա սկսել են շատ խոսել Հայաստան-Բելառուս-ՌԴ միութենական պետության մասին։

-Ուզում ես ասել, որ Սերժ Սարգսյանի ժամանակ Հայաստանն ավելի անկախ էր, քան Լևոն Տեր-Պետրոսյանի կամ Նիկոլ Փաշինյանի՞ ժամանակ։ Ես կարծում եմ, որ ոչ, որովհետև Սերժ Սարգսյանի ժամանակ 2013 թվականի սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանը տվեց իր դիմանկարը։ Ցույց տվեց, թե ինքն ով է։ Հայաստանի Հանրապետությունը միացավ Մաքսային միությանը, Եվրազեսին։ Բայց, ըստ իս, արդեն միացած էր, պարզապես նրա այս հայտարարությունը նվաստացուցիչ էր, որովհետև պարբերաբար ՀՀ իշխանությանը նրանք նվաստացնում են։ Այսինքն՝ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները վատացան այդ նվաստացման հետևանքով։ Հաջորդ տարի հունվար ամսին ԱԺ-ն վավերացրեց այդ նվաստացումը։ Այսինքն՝ դա ոչ միայն նախագահն էր, այլև Ազգային ժողովը։ Եվ Ձեզ ասեմ, որ Նիկոլ Փաշինյանը դեմ քվեարկեց դրան։ Այն ժամանակ կարող էր, այսօր չի կարող։ Եվ Ազգային ժողովում հիմա ոչ ոք չկա, որ դրան դեմ քվեարկի։ Ոչ ոք վեր չի կենում, ասի, որ Հայաստանի Հանրապետության, ինչպես Դուք եք ասում, ինքնիշխանությունը պակասել է մեր գործունեության հետևանքով։

-ԵՄ․ այնտեղ էլի կան աղքատ ազգականի կարգավիճակով երկրներ՝ Հունաստան և այլն, բայց նախ դա այդքան ցավագին չի ընդունվում, և երկրորդ՝ աշխարհով մեկ հիմնական գաղափարախոսությունն է՝ դեպի գլոբալացում։ Որ, ոչինչ, կարելի է մի քիչ էլ զիջել ինքնիշխանությունը հանուն միության և միության շահերի։

-Այնտեղ չեն նվաստացնում աղքատ ազգականներին։ Այստեղ նվաստացնում են պարբերաբար։ Օրինակ՝ երբ Երևան քաղաքի կենտրոնում համաժողով է, որտեղ ասում են, որ հայոց լեզուն գավառական է, հարկավոր է իմպերիական լեզուներ էլ դասավանդել դպրոցներում և պետական շրջանառության մեջ մտցնել անգլերենն ու ռուսերենը, Հունաստանում, Պորտուգալիայում չեն անում։ Աթենքի կամ Լիսաբոնի կենտրոնում համաժողով չի լինում, որտեղ ասում են, որ պորտուգալերենը կամ հունարենը՝ Հոմերոսի, Արիստոտելի լեզուն գավառական է, հարկավոր է անցնել գերմաներենի կամ անգլերենի։ Տարբերությունը դա է։ Մեզ մոտ աղքատ ազգականին նվաստացնում են, երբեմն ճիպոտահարում են, օրինակ՝ Շուշիում, Հադրութում։ Ի դեպ, Կիպրոսում էլ հույներին են ճիպոտահարում։ Կիպրոսի հույների դաշնակիցները նրանց ասում են՝ թող թուրքերը ձեզ մի քիչ մտրակեն։ Այնտեղ էլ նվաստացնում են, օրինակ, Լիտվային։ Թույլ են տալիս, որ Բելառուսից սահմանները անհայտ անձինք հատեն։ Բայց այնտեղ կանոն չէ, բացառություն է, մեզ մոտ կանոնավոր է․ որոշակի պարբերականությամբ մեզ մտրակում են գազի գնով, խոտան զենքի մատակարարումով, երկաթուղու 19-րդ դարի մակարդակը պահելով։ Ասենք, օրինակ, նախորդ ԱԺ-ներում Նիկոլ Փաշինյանը և Արման Բաբաջանյանը դրա դեմ բողոքում էին։ Այս ԱԺ-ում դրա դեմ բողոքող չկա։ Մազոխիստների ԱԺ է։ Նրանց հաճելի է, երբ իրենց նվաստացնում են։ Իրենք էլ են ինքնանվաստացման գնում՝ ինքնանվաստացման հայտարարություններ են անում։ Բայց դա չի նշանակում, թե անկախությունը պակասել է։ ՄԱԿ-ում գրանցված, ԵԱՀԿ կազմակերպության անդամ պետությունը չի կարող լուծարվել։ Հայաստանին չի սպառնում լուծարում։ Նվաստացում՝ այո, ինքնանվաստացում՝ այո։ Մենք որ ուզենանք հանձնել Մեղրին, Էջմիածինը՝ Վաղարշապատը, Կոտայքը, մեզ չեն թողնի։ Դա, «գլոբալ» բառն օգտագործեցիք, գլոբալ հակակշիռների հարաբերություններում անհրաժեշտ հակակշիռ է այս աշխարհագրական տեղամասում։ Այնպես որ, ես չեմ անհանգստանում, որ Արամ Մանուկյանը՝ ՀԱԿ-ի, կարող է մի անգամ էլ կարդալ, որ «ՀԱԿ-ը կողմ է Եվրասիական միությանը» և թաթար-մոնղոլական իմպերիային։ Արամ Մանուկյանին մենք լսում ենք հեռուստատեսությամբ, նա չի հասկանում՝ ինչ է կարդում։ Հայերենին չի տիրապետում, որովհետև երբ հռչակում ես անկախ, հետո հաջորդ օրը չես կարող հռչակել Եվրասիական միության հավատարիմ ճորտ։ Նույն մարդը չի կարող դա անել։ Նշանակում է՝ այն ժամանակ էլ չի հասկացել, հիմա էլ չի հասկանում։ Բայց կարևոր չէ, թե Արամ Մանուկյանն ինչ է հռչակում, հայ ժողովուրդն ունի պետություն, և այդ պետությունն աշխարհի մյուս ժողովուրդների կողմից ճանաչված է և ապահովված է, քանի որ հայ ժողովուրդը պաշտպանում է իր պետությունը։ Ով չի հավատում` գնացեք Եռաբլուր։


Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն