Սեյրան Օհանյանը, նրա կինը, Սերժի Վաչոն՝ դատախազության թիրախում․ նրանց գույքը կալանքի տակ է
ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը շարունակում է «նախկիններին պատժելու» գործընթացը։ Վարչությունը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագրավման գործերով նախկին իշխանության ներկայացուցիչներին հերթով հրավիրում է բացատրություն տալու։ Մենք արդեն գրել ենք, որ թիրախում են նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը եւ ԱԱԾ գնդապետ Սերոբ Հարությունյանը, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդին՝ Պետգույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը եւ նրա կինը, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Լեւոն Սարգսյանի դուստրը՝ Անին եւ այլք։
Այժմ էլ դատախազությունն ուսումնասիրել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի, նրա կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի, նրանց հետ առնչվող անձի՝ Ժակ Ֆովոյի, Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի, նրա կնոջ, դստեր, որդու ձեռք բերած գույքի օրինականությունը:
Գլխավոր դատախազությունից հետաքրքրվեցինք, թե մինչ այս պահը քանի ուսումնասիրություն է կատարվել, եւ դրանցից քանիսն է ուղարկվել դատարան: Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը պատասխանեց, որ կատարվել է 250-ից ավելի ուսումնասիրություն, բռնագանձման պահանջով 2 հայց է ներկայացվել դատարան, որպես հայցի ապահովման միջոց կիրառելու հայցերի թիվը մեծ է. «Բոլոր անձինք, ում մասին հրապարակում եղել է, նրանց բոլորի գույքի նկատմամբ արգելանք տարածելու վերաբերյալ էլ հայցի ապահովման միջոց կիրառելու համատեքստում հայցեր ներկայացվել են ու բավարարվել»։
Դատարան ուղարկված գործերից մեկն առնչվում է նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին և նրա մերձավորներին, իսկ մյուսը՝ ԱԱԾ նախկին բարձրաստիճան պաշտոնյա Սերոբ Հարությունյանին և նրա մերձավորներին։
«Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ դեռեւս այդ գործերը որեւէ դատավորի չեն մակագրվել։
Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանն ասում է, որ իր անունով որեւէ անշարժ գույք կալանավորված չէ, որովհետեւ իր անունով որեւէ անշարժ գույք գոյություն չունի։
Ամիսներ առաջվա ուսումնասիրությունները, օրինակ, Արման Սահակյանի գույքերի վերաբերյալ, շարունակվում են։ Նրա փաստաբան Էմին Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք ծանոթացել են նյութերին, այնուհետեւ հիմնավորող նյութեր են ներկայացրել, որ գույքերն ապօրինի ծագում չունեն․ «Դրանից հետո մի քանի հարցեր են առաջացել դատախազության մոտ, նորից առաջադրել են այդ հարցերը, նորից դրան ի պատասխան` ներկայացրել ենք եւ բացատրություն, եւ նյութեր։ Հիմա, իմ կարծիքով, այդ ուսումնասիրությունները թեւակոխում են վերջնական փուլ։ Հույս ունեմ, որ այդ ամեն ինչից հետո վարույթը կկարճվի»։
Նա նշեց, որ խոսքը մի քանի միավոր գույքի մասին է․ «Մեքենա, մի քանի բնակարան, առանձնատուն, հասարակական մեկ շինություն։ Այս պահին փաստաթղթերը ձեռքիս տակ չեն, չեմ կարող գույքերի ծավալները մանրամասն ներկայացնել»։
Hraparak.am