Այն, որ ամոթի զգացումն այս իշխանությունը կորցրել է իսպառ ու ընդմիշտ, վաղուց գիտեինք: Հիմա` ընտրություններից հետո առավել ևս քողն ընկել է երեսներից...

Ոչ քաղաքական ռեպրեսիաներն են փորձում թաքցնել գոնե առերևույթ օրինականության տակ, ոչ նախընտրական փուլում պետբյուջեից տրամադրվող բացահայտ ընտրակաշառքը ու ընտրողների նկատմամբ աներևակայելի ճնշումները փորձեցին քողարկել, ոչ հավասար մրցակցության պատրանք ստեղծեցին:

Օրը ցերեկով Կենտրոնական ընտրական կոչվող հանձնաժողովը մի ողջ կուսակցության դուրս թողեց խորհրդարանից եւ ապօրինի որոշում կայացրեց` 60 հազար քվե գողանալով ու նվիրելով իշխող կուսակցությանը:

Հիմա էլ Սահմանադրական կոչվող իբր բարձր դատարանը հրապարակային քննություն է իրականացնում` գոնե ձևական ջանք չգործադրելով օրինականության, անաչառության տպավորություն թողնելու ՀՀ քաղաքացիների վրա: ՍԴ դատավորները ՔՊ-ի ամենակարկառուն անդամներին վայել հարցեր են տալիս դիմողներին, իսկ արդարադատության նախարարը հենց ՍԴ դահլիճում` նիստի ժամանակ, ծամոն է ծամում:

Բայց այս բոլորը մի կողմ, այսօր ևս մի արտասովոր լկտիության մասին եմ իմացել ու ապշած եմ սրանց անամոթության ու սեփական շահն առաջ տանելու անսահման հնարամտության վրա:

Հիշում եք, չէ՞, որ ապրիլի 1-ից թոշակները 10 հազար դրամով բարձրացրին, ինչին հետևեց համազգային ծափ, ծիծաղ, մեծ ոգեւորություն, երախտագիտության տեսարաններ ու 600 հազար պապիկ-տատիկների մեծ մասը վազելով գնացին Նիկոլին ընտրելու: Ուրեմն, պարզվում է, այդ խավի մի մեծ հատված և նրանց ընտանիքները թոշակից զատ նաեւ անապահովության նպաստ են ստացել: Այդ նպաստն ու թոշակն իրար հետ մեծ թվեր չէին կազմում, բայց հնարավորություն կտային այդ մարդկանց քիչ թե շատ ապահով կյանքով ապրելու: Պարզվում է` այս ամսվանից շատ ընտանիքների անապահովության նպաստը կտրել են: Իբրեւ թե այդ 10 հազարը, գումարած 10 հազար քեշբեքը, առողջապահական ծառայությունները նրանց դուրս են թողել նպաստառուների ցանկից:

Մարդիկ հունիսի նպաստը չստանալով դիմել են Միասնական սոցիալական ծառայություն, պատասխանել են, թե` ձեր անապահովության միավորներն իջել են` դուրս եք մնացել նպաստառուների ցանկից: Այսինքն, մարդու թոշակը 10 հազարով ավելացրին, մի 5-6 անգամ ավելի մեծ նպաստը կրճատելով:

Բայց ամենաուշագրավը լսեք` ուրեմն էս մանր ժուլիկները թոշակները բարձրացրել են ապրիլից, իսկ նպաստի գումարները կրճատել են հունիսից: Որ մարդն ապրիլ, մայիս ամիսներին և 10 հազար ավելցուկ թոշակը ստանա, և նպաստը: Մանր մանիպուլյացիա, որ տարեցների քվեները կորզեն, խաբեն, հետո հունիսից պակաս վճարեն:

Որպեսզի պատկերացնեք ինչ թվերի մասին է խոսքը` միայն Գավառ համայնքում 200 ընտանիք հունիսի նպաստը չի ստացել: Որ մարդկանց զգուշացնում էինք, թե էդ 10 հազարով, անվճար վիրահատություններով մի խաբվեք, ժամանակավոր բան է, այ սրա համար էինք ասում...


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ