ԱՄՆ-ն ավելացրել է Հայաստանին տրամադրվող ռազմական ֆինանսավորումը
ԱՄՆ-ն 2024 ֆինանսական տարում կտրուկ ավելացրել է Հայաստանին տրամադրվող ռազմական ֆինանսավորումը։ 2002 թվականից ի վեր ընդհանուր առմամբ Հայաստանին հատկացվել է ավելի քան 60 մլն դոլար։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ԱՄՆ կառավարության տվյալները։
Անցած շաբաթ Պենտագոնի ղեկավարի տեղակալ Էնդրյու Լումիսը հայտարարել էր, որ Վաշինգտոնը մտադիր է օգտագործել իր ծրագրերի ողջ ներուժը՝ աջակցելու Հայաստանի զինված ուժերի բարեփոխումներին։
ԱՄՆ-ի ռազմական օգնությունը Հայաստանին Foreign Military Financing (FMF) ծրագրի շրջանակում սկսվել է դեռևս 2002 թվականին։ ԱՄՆ կառավարության տվյալների համաձայն՝ մինչև 2024 ֆինանսական տարին Հայաստանի համար ամերիկյան ռազմական ֆինանսավորման ընդհանուր ծավալը գերազանցել է 60 մլն դոլարը։
Պենտագոնի վիճակագրության համաձայն՝ ֆինանսավորման ծավալը հատկապես զգալիորեն աճել է 2024 ֆինանսական տարում։ Այդ ժամանակ ԱՄՆ-ն Հայաստանին հատկացրել է ավելի քան 8,1 մլն դոլար։ 2023 թվականին այդ գումարը կազմել է շուրջ 16 հազար դոլար, իսկ 2022 թվականին՝ մոտ 1,3 մլն դոլար։ 2025 թվականի տվյալները դեռևս հրապարակված չեն։
2023-2024 թվականների ընթացքում Հայաստանը ստացել է շուրջ 18 մլն դոլար։ 2025 թվականի հունվարին ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտնել էր, որ այդ գումարը FMF ծրագրի շրջանակում ուղղվել է մի շարք նախագծերի, այդ թվում՝ զինծառայողների պատրաստության ազգային ուսումնական կենտրոնի զարգացմանը։ Դրանից մեկ ամիս առաջ ԱՄՆ պաշտպանության նախարարը հայտնել էր, որ համապատասխան նպատակների համար միջոցները հատկացվել են նախորդ երկու տարիների ընթացքում։
2024 թվականի դեկտեմբերին Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության առաջնահերթ ուղղություններ էր անվանել ինչպես Հայաստանի զինված ուժերի վերափոխման, այնպես էլ ԱՄՆ զինված ուժերի հետ փոխգործակցության մակարդակի բարձրացմանն ուղղված ծրագրերը։
Միևնույն ժամանակ, Մոսկվան թերահավատորեն է գնահատում Հայաստանի և ԱՄՆ-ի միջև պաշտպանական համագործակցության խորացման հեռանկարները։ Հունիսին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Վաշինգտոնը կարող է առանց լուրջ դժվարությունների հրաժարվել Հայաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածություններից, եթե ԱՄՆ-ի առաջնահերթությունները փոխվեն կամ Վաշինգտոնը «կորցնի ախորժակը»։








































