(կամ՝ ինչպես է թոշակը դառնում քաղաքական պատիժ)

Անկեղծ ասած՝ 100 % «ո՛չ օրգանիկ» վարչաֆեստի «ազնվության» «շնորհիվ» միայն վերջերս իրազեկվեցի, թե ինչպես է Հայաստանը վերածվել յուրօրինակ «տնտեսական ԳՈՒԼԱԳ»-ի։

Ինֆորմացիայի աղբյու՞րը։

«Օդից կախված լուրերի» շարքից չէ, կարող եք չկասկածել։

Չե՞ք հավատում։

Իզու՜ր։

Միայն «ապերախտ» հոգին կարող է մոռանալ «дух»-ով վարչաբենդի՝ «նախանձելի հումանիզմով» շնչող-արտաշնչող մահակ-հայտարարությունը․

«Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանը, Սերժ Սարգսյանը, երբ ամսի 1-ը մոտենա, պետք է հեռախոսները բացեն՝ տեսնեն թոշակը նստե՞լ է, թե՞ չէ»։

Ահա ձեզ «իրական» Հայաստանի «արդարադատության» և տնտեսական «վերելքի» նիկոլական դիմագիծը․ երբ պետության զարգացման ու քաղաքացու բարեկեցության ցուցանիշը չափվում է ոչ թե տնտեսական աճով կամ իրական բարեփոխումներով, այլ ընդդիմադիրներին «թոշակի հույսին» թողնելու պոպուլիստական սպառնալիքներով։

Խոստովանեմ շա՜տ կարևոր մի «մանրուք»․ երբ 2026 թվականի սեպտեմբերի 3-ին պսևդո «արև արքայի» «բարի կամքի» դրսևորմամբ՝ «թոշակի հույսին թողնվածների» էլիտար ցանկը համալրվեց ևս մեկ աղմկահարույց անունով՝ Գագիկ Խաչատրյանով, վերջապես հասկացա, թե ինչու են թշնամի երկրի մեդիադաշտում անթաքույց ցնծությամբ «հրապուրիչ ու ոգևորիչ» որակում Հայաստանում ընթացող ներքին գործընթացները, իսկ ՀՀ գործող վարչապետին կոչում «ազգի իսկական առաջնորդ»։

Տեղին հարց է՝ ո՞ր ազգի։

Թերևս պետք է ճշտել ադրբեջանցի լրագրող, «Кавказский Узел» պորտալի բլոգեր և հայտնի պրոպագանդիստ Քյամալ Ալիից։ Ըստ որի՝ պատկերացնու՞մ եք, ՀՀ վարչապետը «խաղաղության դարաշրջանի» ավետաբեր է։

Իսկ ես կասեի՝ Հայաստանի Հանրապետության պետական մտածողության և ազգային անվտանգության ողբերգական կաթվածի տաղանդավոր ճարտարապետ, որը Բիշքեկում Էրդողան-Ալիև երկյակի «սերը» կրկին վայելելուց հետո դարձել է առավել սպառնալից, անզուսպ և վտանգավոր՝ մեր երկրի ու քաղաքացու համար։

Ադրբեջանցի քարոզիչն ու Փաշինյանով հմայված նրա հիացական եզրահանգումները, սակայն, առանձին քննության նյութ են։

Այժմ անդրադառնանք Քյամալ Ալիի «հերոսի» սպառնալիքին և տեղական թոշակառուի «ԳՈՒԼԱԳ»-ային ճակատագրին։

Ակնհայտ է՝ «ամսի 1-ին հեռախոսները բացելու» սպառնալիքը միտված է ընդդիմադիր առաջնորդների քաղաքական կշիռը նվազեցնելուն՝ նրանց հանրային ընկալման մեջ ներկայացնելով որպես իշխանությունից լիովին կախվածության մեջ գտնվող և քաղաքականապես անզոր կարգավիճակում հայտնված թոշակառուներ։

Նման հռետորաբանությունը գաղափարական հակառակորդների հանրային ազդեցությունը թուլացնելու և նրանց «քաղաքականապես թոշակի ուղարկելու» պարզունակ, բայց ագրեսիվ PR տեխնոլոգիա է։

Եթե ապակոդավորենք այս ակամա ինքնախոստովանությունն ու ռեպրեսիվ փաթեթավորումը, կունենանք փաշինյանական տագնապի ճշգրիտ պատկերը․ «Սրանք լուրջ, գոյաբանական սպառնալիք են իմ իշխանության և, իհարկե, հետագա ճակատագրիս համար։ ՈՒրեմն՝ ցանկացած գնով, անգամ ամենանվաստացուցիչ մեթոդներով, պետք է չեզոքացնեմ ու վնասազերծեմ բոլորին»։

Իրականում, քաղաքական հոխորտանքի հետևում իշխանությունը կորցնելու կենդանական սարսափն է։ Սեփական անվտանգության ու աթոռի համար մղվող տենդագին պայքարում «թոշակառուի» կարգավիճակը դառնում է պատժիչ մահակ․ «дух»-ով իշխանավորն անկեղծորեն հավատացած է, թե ամեն ամսի 1-ին մարդուն հեռախոսի էկրանին գամված պահելով՝ կարող է նրան զրկել քաղաքական ձայնից, ազդեցությունից ու դիմադրողականությունից։

Ինչի՞ մասին է խոսում ճղճիմ այս քայլը։

Երբ քաղաքական պայքարի գործիքակազմում սպառվում են գաղափարական ու պետական ռեալ փաստարկները, իշխանությունը դիմում է «տնտեսական մարգինալացման»․ ընդդիմախոսին ոչ թե բովանդակային դաշտում է հաղթում, այլ փորձում է, իր իսկ բառերով՝ «բոմժացնել», զրկել ու նետել սոցիալական անօգնականության գիրկը։

Քյամալ Ալիի սրտի վարչապետի սպառնալիքը՝ իր հայ ընդդիմախոսներին թողնել թոշակի հույսին, դառնում է երկսայրի սուր։

Բացատրեմ՝ ինչու։

Նախ մտաբերենք նրա գարնանային «դայլայլները», երբ շաբաթներ շարունակ թոշակների չնչին ավելացումն ու հետվճարի «աննախադեպ» տեխնոլոգիան մատուցում էր որպես համազգային հաղթանակ՝ խոստանալով արժանապատիվ ծերություն և «լառնականերում» հանգստանալու հեռանկար։

Բայց ամիսներ անց նույն կենսաթոշակը հանկարծ դառնում է պատժիչ լծակ և ահաբեկելու գործիք։

Ի՞նչ է ստացվում․ դասական «палка о двух концах»։

Եթե թոշակը բարեկեցության ու ճամփորդելու երաշխիք է, ապա ինչո՞վ ես սպառնում։

Իսկ եթե դրանով վախեցնում ես, ուրեմն ինքդ ես ակամա խոստովանում, որ ութ տարի չորս ամսում քո քանդած համակարգում թոշակառու լինելը ոչ թե արժանապատիվ հանգիստ է, այլ ծայրահեղ զրկանք ու նվաստացում։

Կենսաթոշակի կամ նպաստի ամեն մի չնչին ավելացում որպես «դարակազմիկ ձեռքբերում» PR-ելը բացահայտում է իշխանության խորքային մտածողությունը․ սոցիալական վճարները դիտարկվում են ոչ թե որպես քաղաքացու սահմանադրական իրավունք ու պետության պարտականություն, այլ որպես իշխանավորի «ողորմածություն»։

Հետևանքը մեկն է․ աղավաղվում է պետության բուն էությունը․ քաղաքացին իրավատիրոջից վերածվում է երախտապարտ սպառողի։

Եվ այս ողջ ցինիզմը՝ պաշտոնյաների և պատգամավորների միլիոնանոց պարգևավճարների ու լափառության ֆոնին։ Երբ «արդյունավետ կառավարման» դիմակի տակ թաքնված իշխանավորը պետական բյուջեից իրեն վարձատրում է միլիոններով, իսկ տասնամյակների վաստակ ունեցող տարեցին նետում ընդամենը մի քանի հազար դրամի «ողորմություն», «սոցիալական արդարության» մասին ողջ թեզը դառնում է բացահայտ խեղկատակություն ու կեղծիք։

Բառապաշարի այսպիսի այլասերումը մերկացնում է իշխանական ցինիկ երկերեսանիությունը․ սոցիալական ողբերգությունը նրանց համար զուտ իրավիճակային մանիպուլյացիա է։ Երբ պետք է PR՝ թոշակի չնչին հավելումը հռչակում են «աննախադեպ ձեռքբերում», իսկ երբ պետք է ճնշել ընդդիմախոսին՝ նույն այդ «ձեռքբերումը» ակնթարթորեն վերածվում է պատժիչ սպառնալիքի՝ «նվաստացուցիչ թոշակի հույսին մնալ»։

Նման հռետորաբանությունը անպատկառ ինքնախոստովանություն է․ երկրի ղեկավարի աթոռը զբաղեցնող անձը, որպես վատթարագույն պատիժ, իր հակառակորդներին սպառնում է նու՛յն այն սոցիալական մղձավանջով, որի մեջ Աստծո ամեն օր տառապում են հարյուր հազարավոր շարքային քաղաքացիներ՝ ավելի քան 500 հազար հայաստանցի թոշակառուներ։

Հենց այստե՛ղ է, որ Բերիայի «ԳՈՒԼԱԳ»-ի հետ զուգահեռը դադարում է լինել սոսկ գրական փոխաբերություն։ Ստալինյան ճամբարների հիմնական մեխանիզմը մարդուն մշտական գոյապայքարի մեջ պահելն էր, երբ նրա ամբողջ էներգիան սպառվում էր օրվա հացի բաժինը վաստակելու վրա։

XXI դարի «տնտեսական ԳՈՒԼԱԳ»-ում փշալարերին փոխարինել են անվճարունակությունն ու սոցիալական անզորությունը։ Փաշինյանի կոնկրետ սպառնալիքը՝ «ամսի 1-ին հեռախոսները բացել-տեսնել՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ», տնտեսական ճնշման ամենացինիկ պատկերն է։ Մարդուն դատապարտելով չնչին թոշակի՝ նրան զրկում են քաղաքացիական պահանջատիրությունից։ Նրա միակ «գոյաբանական խնդիրն» է դառնում ամսի 1-ին հեռախոսի էկրանին տագնապով նայելը՝ հասկանալու համար՝ պետությունն իրեն այս ամիս է՞լ է թույլ տալու պարզապես գոյատևել։

Երբ կենսաթոշակը ներկայացվում է որպես քաղաքական «պատիժ» կամ նվաստացման վերջնակետ, իշխանությունն անուղղակիորեն, բայց բացարձակ անկեղծությամբ ընդունում է․ այդ թոշակով արժանապատիվ ապրելը պարզապես անհնար է։

Փաստորեն, պետական բարձրագույն մակարդակով վավերացվում է դաժան ճշմարտությունը․ Հայաստանում թոշակառու լինելը ոչ թե տասնամյակների ազնիվ վաստակի հանգրվան է, այլ կենցաղային տաժանակրության և հանրային անտեսման դատապարտվածություն։

Պատիժ, որը կրում է ամբողջ ժողովուրդը՝ առանց որևէ հանցանք գործելու։

Բայց «ԳՈՒԼԱԳ»-ի և յուրաքանչյուր բռնապետական ռեժիմի գլխավոր մոլորությունն այն է, որ սեփական ժողովրդի լռությունն ու կոտրվածությունը հավերժական են համարում։

ՈՒրեմն՝ որքա՞ն ենք պատրաստ հանդուրժելու մեզ պարտադրված այս «տնտեսական ԳՈՒԼԱԳ»-ն ու անհեթեթ պատիժը։

Ժամանակն է սթափվելու։ Ամսի 1-ի «ողորմությանը» սպասողի կարգավիճակը ճակատագիր չէ, այլ պարտադրված ստորացուցիչ խաղի կանոն։ Քանի դեռ թույլ ենք տալիս, որ մեր տասնամյակների ազնիվ վաստակն ու ապրուստը ոմն ինքնակոչի կամքով դառնան սպառնալիքի ու նվաստացման լծակ, մենք մնալու ենք այս ճամբարի կալանավորը։

Արժանապատվության վերադարձը սկսվում է հենց այն պահից, երբ քաղաքացին հիշում է՝ ինքն է այս պետության տերը, իսկ արժանապատիվ կյանքն իր սահմանադրական իրավունքն է, ոչ թե իշխանավորի ողորմությունը։

Հենց այս արթնացումն է «տնտեսական ԳՈՒԼԱԳ»-ի փշալարերը քանդելու և սեփական հայրենիքի տերը դառնալու միակ ճանապարհը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ