Ինքը քանդող-ավերող է, ընդ որում` ավերմունքը համակարգային է. Արմինե Օհանյան
Ինքը դատավոր է, ասում է` նստելու են ու երկար: Ինքը նախանձ է` ոչ մեկն այս երկրում փող չպիտի աշխատի, եթե ինքը դա թույլ չի տվել...ասում է` բանտից դուրս են գալու ու ամեն ամսվա մեկին` օրը երեք անգամ ստուգելու են` թոշակը նստեց, թե չէ...Ինքը բժիշկ է, ասում է` Խաչատրյանը սիմուլյանտ է, իրական հիվանդ չի...Ինքը ուսուցիչ է` ուզում է հայ ժողովրդին վերադաստիարակել...
Ուզում է թշնամու ու բարեկամի, խաղաղության ու պատերազմի, պետության ու հայրենիքի, պատմության ու անցյալի, արդարության և օրինականության, լավ ապրելու, ապագա ունենալու մասին մեր պատկերացումները գլխիվայր շրջել, հարմարեցնել իր շահերին, իշխանությունը պահպանելու իր բանաձևին...
Ինքը քանդող-ավերող է, ընդ որում` ավերմունքը համակարգային է: Խրախուսում է ապօրինություններն ու իր ապօրինի հրամանների կատարումը, չարություն ու ատելություն հրահրում իր հակառակորդների նկատմամբ` այլասերելով հասարակությանը...Ոչ միայն մարդկանց բանտ ուղարկելն է անձամբ հրահանգավորում, իր հրահանգները կատարողներին է գովում, անգամ պատգարակի վրա բանտ տանելուց է հրճվում ու պատգարակ բռնողին է շնորհակալություն հայտնում:
Իր թիրախին բռնել- կալանավորել են` շատ ապրեն իրավապահները, դատավորները կալանքը մերժել -արդարացրել են` «ինչի` ձրի են արե՞լ», պատժվելու են...գործը երկար քննած քննիչները պատժվելու են, մարդուն մի նախադասության համար ծանր հոդված կպցնողները` պարգևատրվելու են:
ԱԱԾ աշխատողը Քոչարյանին գաղտնի տեսագրած կադրերը տվել է «սիվիկին»` «լավ է արել, իր տնօրինած ինֆորմացիան է, կուզի` կարտահոսի», մանր երեխաներ ունեցող ընտանիքին ինչ որ մեկը նախազգուշացրել է, որ «ԱԱԾ դիմակավորները գալիս» են` «ուծեչկեն պարզելու ենք, խլուրդին պատժելու ենք...»:
Ով դեմս դուրս եկավ` ազատելու եմ...Նարեկ Նալբանդյանը չհերքեց, որ իր բիզնեսը իմ հետ կապ չունի` «դաժան պատիժ ա սպասվում»...ընդ որում`«ավելի դաժան, քան մյուս օլիգարխներին»...
Ճակատագրեր է տնօրինում, դատավճիռներ է արձակում, «անբեկանելի» ճշմարտություններ է բարբառում և սպառնում է, սպառնում է, սպառնում է...
Կարծես 2 օր առաջ Ալիևի հանդիպումից առաջ փողկապն ուղղող, աշակերտի շողոքորթ ժպիտը դեմքին` անհամբեր նրան սպասող կամ Պուտինի դիմաց կմկմացող, ցածրաձայն ու խնդրալից ձայնով խոսող մարդը չլինի...
Այն ատելությունը, որով այս մարդն արտահայտվում է իր ընդդիմախոսների մասին, հուշում է, որ նա սիրով կախաղաններ կտեղադրեր Հանրապետության հրապարակում և բոլոր ունևորներին, բոլոր ընդդիմադիրներին, բոլոր իրեն քննադատողներին, բոլորին, ով փորձում է պետությունն իր ճանկերից խլել` հրապարակավ մահապատժի կենթարկեր...









































