Ադրբեջանում պահվող հայ գերիները հայտնում են իրենց իրավունքների խախտումների մասին․ Human Rights Watch
Ադրբեջանում պահվող հայ գերիները հայտնում են իրենց մի շարք իրավունքների խախտումների մասին։ Այս մասին սեպտեմբերի 21-ին հրապարակված նյութում հայտնել է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը, փոխանցում է Փաստինֆոն։
Նրա պնդմամբ՝ Ումբակի քրեակատարողական հիմնարկում պահվող որոշ անձինք չեն ստանում իրենց հասանելիք շաբաթական հեռախոսազանգերը, իսկ տեսազանգերի հնարավորություն ընդհանրապես չի տրամադրվում։ Վարդանյանը նաև հայտնել է, որ չի կարողացել բժշկական հետազոտություններ անցնել նույնիսկ սեփական միջոցներով, օգտվել նոտարական ծառայություններից և ստանալ իր բողոքների գրավոր պատասխանները։
Նա նաև պնդել է, որ գերիներին շաբաթական միայն մեկ անգամ՝ 20-40 րոպեով, թույլատրվում է զբոսնել բաց տարածքում՝ օրական մեկ ժամի փոխարեն։
Human Rights Watch-ը նշում է, որ չի կարողացել անկախ կերպով հաստատել այս պնդումները։
Կազմակերպության տվյալներով՝ հայ գերիների և նրանց ընտանիքների միջև կապը բարդացել է նաև այն բանից հետո, երբ 2025 թվականի սեպտեմբերին Ադրբեջանում դադարեցվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության գործունեությունը։ ԿԽՄԿ-ի Ժնևից ժամանած ներկայացուցիչները հետագայում այցելել են պահվող անձանց, սակայն այդ այցելությունները դարձել են ավելի անկանոն։
Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատար Սաբինա Ալիևայի գրասենյակը սեպտեմբերի 19-ին հերքել է հայ գերիների իրավունքների խախտումների վերաբերյալ պնդումները։ Օմբուդսմենի գրասենյակը հայտարարել է, որ նրանց պահման պայմաններն ու իրավունքների ապահովումը պարբերաբար վերահսկվել են։
Human Rights Watch-ը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին ապահովել բոլոր գերիների կանոնավոր շփումն ընտանիքների հետ, անհրաժեշտ բժշկական օգնությունը, նամակների և թույլատրելի ծանրոցների ստացումը, ինչպես նաև ամենօրյա բավարար զբոսանքի հնարավորությունը։ Կազմակերպությունը նաև կոչ է արել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին ապահովել կանոնավոր հասանելիություն հակամարտության հետ կապված պահվող անձանց նկատմամբ։







































