ACI EUROPE-ը կոչ է անում ՀՀ կառավարությանը հավանություն տալ «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնմանը
Անցած 2 օրվա ընթացքում ACI EUROPE-ն Երևանում մի քանի հանդիպումներ է անցկացրել Հայաստանի կառավարությունում, Ազգային ժողովում և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում։ Այս հանդիպումներում քննարկվել են Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները՝ կապված օդային երթևեկության արագ վերականգնման և, տնտեսությանը աջակցելու նպատակով, օդային կապի զարգացման հետ:
ACI EUROPE-ի գլխավոր տնօրեն Օլիվյե Յանկովեցը հորդորել է ՀՀ կառավարությանը հավանություն տալ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի նախատեսվող ընդլայնմանը, քանի որ օդանավակայանն այժմ զգալիորեն գերազանցել է նախհամաճարակային (2019) ուղևորահոսքը և արագորեն հասնում է իր թողունակության սահմանին։ Նա մատնանշել է այն հիմքերը, որոնք նպաստում են առաջիկա տարիներին պահանջարկի հետագա աճին, այդ թվում՝ Հայաստանի մոտալուտ ընդգրկումը ԵՄ Եվրոպական ընդհանուր ավիացիոն տարածքում, որը երկիրը կբերի ազատականացված ավիացիոն խոշոր շուկա:
Յանկովեցն ասել է. «Հիմա հայկական ավիացիայի համար առաջ շարժվելու ժամանակն է: Երկրի օդային կապը հետագայում զարգացնելու և դիվերսիֆիկացնելու ներուժը կա, և դրա հետ մեկտեղ տնտեսությունը զարգացնելու և կենսամակարդակի բարելավումը շարունակելու համար: Բայց այս ներուժն իրացնելու համար ավելի շատ ենթակառուցվածքային կարողություններ են անհրաժեշտ, և դա նշանակում է ընդլայնել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանը։ Ընդամենը 400 միլիոն եվրո պատրաստ է ներդրվել թե՛ ուղևորահոսքերի, թե՛ բեռնափոխադրումների մասով օդանավակայանի կարողությունները կրկնապատկելու համար։ Այս նախագծի հետաձգումը կազդի երկիրի և նրա տնտեսության վրա»:
Ըստ Յանկովեցի՝ օդանավակայանի ընդլայնման հետ միասին պետք է հանվի Զվարթնոց օդանավակայանից մեկնող ուղևորներից գանձվող 10.000 դրամ հարկը։ Նման հարկը հայկական ավիացիայի համար մրցակցային լուրջ թերություն է և կիրառվում է խտրական կերպով՝ ի հակադրություն ԻԿԱՕ-ի կանոնների:
Յանկովեցը նաև առաջարկել է Հայաստանի կառավարությանը մշակել ռազմավարություն և ծրագրեր՝ միջազգային ավիացիայում մինչև 2050 թվականը CO2–ի զրոյական արտանետումների երկարաժամկետ նպատակն իրականացնելու համար, որը վերջերս ընդունվել է ԻԿԱՕ-ի կողմից՝ որպես առաջնահերթություն դիտարկելով Կայուն ավիացիոն վառելիքի (SAFs) արտադրությունն ու տեղակայումը:



















