Կանխել նոր Հայոց ցեղասպանությունը․ միջազգային հանրության կոչը գերտերությունների առաջնորդներին
Լաչինի միջանցքի շրջափակմանը շարունակում է արձագանքել միջազգային մամուլը։ Մի շարք հեղինակավոր պարբերականներ իրենց հոդվածներով հորդորում են գերտերությունների առաջնորդներին ուշադրություն դարձնել Արցախում ստեղծված հումանիտար աղետին ու միջոցներ ձեռնարկել շրջափակումը վերացնելու համար։
Արցախի շրջափակումը միջազգային հանրության քննադատությանն է արժանանում։ Մի շարք հեղինակավոր պարբերականներ ու քաղաքական գործիչներ իրենց հոդվածներում ու ելույթներում շեշտում են Լեռային Ղարաբաղին ֆինանսական ու քաղաքական աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությունը։
Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի նահանգային և արտաքին գործողությունների համար հատկացումներ անող ենթահանձնաժողովի նախագահ, կոնգրեսական Բարբարա Լին ջանքեր է գործադրում, որ 2023 թվականի ֆինանսական հատկացումների օրինագծում ներառվի դրույթ, ըստ որի Կոնգրեսը արցախյան հակամարտության հետևանքով առաջացած հումանիտար կարիքները բավարարելու ռազմավարություն կունենա։
Նա խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Հայաստանն ու Արցախը կապող կենսական միջանցքի արգելափակումը և կոչ է անում անհապաղ վերաբացել այն։ Վառելիքի անբավարարության ու սննդի պակասի պատճառով Արցախում հումանիտար ճգնաժամ է սկսվել, ասել է կոնգրեսականը։ Նա նշել է, որ հաջողությամբ կարողացել են 2023 թվականի ֆինանսական տարվա օրինագծում ամրագրել ձևակերպումներ ըստ որոնց կերաշխավորվի Ացախի հայերի հումանիտար կարիքները հոգալու ռազմավարությունը և անհամբեր սպասում են, որ վարչակազմում ևս այդ դրույթն ամրագրվի։
Կոնգրեսական Լին ապօրինի է համարել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակումը, ինչի պատճառով հնարավոր չէ Արցախ դեղորայք, սննդամթերք ու մարդասիրական ապրանքներ հասցնել։
The Daily Beast պարբերականն էլ գրում է, որ ԱՄՆ-ը պետք է դադարեցնի նպաստել հայերի ևս մի ցեղասպանությանը։

Ադրբեջանը սովի է մատնում հազարավոր հայերի` նրանց պահելով շրջափակման մեջ, սակայն Միացյալ Նահանգներին կարծես ավելի շատ մտահոգում են ոչ թե մարդկային տառապանքներն, այլ էներգետիկ հարցերը, գրում է հոդվածագիրը։
Նշվում է, որ մոտ մեկ ամիս Ադրբեջանը փակել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետությանը կապող միակ կյանքի ճանապարհը, Արցախը արտաքին աշխարհից։ Ավելի քան 120 000 հայեր ներկայումս սննդի, դեղորայքի և վառելիքի պակաս ունեն։ Վերակենդանացման բաժանմունքում կան հիվանդներին և նրանց չի հաջողվում տեղափոխել Հայաստան։
Ըստ ամերիկյան էլեկտրոնային վերլուծականի՝ Ադրբեջանի նպատակն է տարածաշրջանում վերահսկողության իրականացնել հայերին սովի մատնելու միջոցով։
Նույնիսկ Արցախում ռազմական գործողությունների ավարտից հետո Բաքուն չի դադարեցնում ահաբեկչությունը հայ ժողովրդի նկատմամբ, նշվում է հոդվածում։
The Daily Beast գրում է, որ ավելի քան 40,000 հայեր բռնի տեղահանվել են և չեն կարող վերադառնալ իրենց տները, ավելի քան 100 հայ ռազմագերիների էլ Բաքուն պահում է ապօրինաբար, նրանց ենթարկում է խոշտանգումների և հոգեբանական բռնությունների:
Նշվում է նաև, որ 2022 թ. սեպտեմբերին Ադրբեջանը ներխուժել է նաև ՀՀ ինքնիշխան տարածք՝ կատարել ռազմական սարսափելի հանցագործություններ։ Եվ այս ամենի համար Բաքուն ոչ միայն պատասխանատվության չի ենթարկվում այլև մշտապես պարգևատրվում է միջազգային հանրության կողմից, ինչն ըստ ամերիկյան լրատվականի, պայմանավորված է նրանով, որ ԱՄՆ-ն և ԵՄ-ն Ադրբեջանը դիտարկում են որպես հիմնական գործընկեր՝ Եվրոպա էներգակիրների մատակարարման հարցում։
Մինչ ԱՄՆ և ԵՄ Բաքվին ներկայացնում են որպես վստահելի գործընկեր, Ադրբեջանն ընդլայնում է էներգետիկ համագործակցությունը Ռուսաստանի հետ, նկատում է հոդվածագիրը: Եվ Ռուսաստանի հետ Ադրբեջանի դավաճանությունը վկայում է, որ անհնար է զսպել միբռնապետական ռեժիմ, ամրապնդելով և աջակցելով մյուսին:
Երբ ԱՄՆ նախագահ Բայդենը 2021 թվականին ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, նա խոստացավ կանխել ապագա վայրագությունները աշխարհի ցանկացած կետում, հիշեցնում է ամերիկյան էլեկտրոնային պարբերականը, նշելով, որ այժմ, երբ Հայոց ցեղասպանության կրկնության ռիսկ կա, ԱՄՆ-ը պետք է ցույց տա, որ «այլևս երբեք»-ը դատարկ կարգախոս չէ:
Բրիտանացի գործիչները ևս միջազգային առաջնորդներին կոչ են անում զբաղվել Լաչինի միջանցքի հարցով։ Միացյալ Թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը, Լիվերպուլի լորդ Ալթոնը, պատգամավոր Թիմ Լաութոնը և այլ ազդեցիկ գործիչներ հայտարարություն են տարածել, որում գրում են, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման հետևանքով առաջին անհրաժեշտության պարագաների սուր դեֆիցիտ է առաջացել, և արդեն մահվան դեպքեր են արձանագրվում ։
«Համաձայն միջազգային իրավունքի՝ կա պատասխանատվություն կանխատեսելու և կանխելու ցեղասպանությունը, պաշտպանելու տուժածներին և պատժելու ագրեսորին: Չնայած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և այլ միջազգային կառույցների կողմից դատապարտմանը, Ադրբեջանի այս բռնությունների մասին ԶԼՄ-ների փաստացի լռությունը շարունակվում է, ինչն Ադրբեջանին հնարավորություն է տալիս անպատիժ կերպով զարգացնել իր ցեղասպան քաղաքականությունը»,-նշվում է բրիտանացի գործիչների նամակում: Նրանք հույս են հայտնում, որ քաջ լրագրողները լույս կսփռեն մի ժողովրդի տառապանքների վրա, որը, ցավոք, շատ լավ գիտի ցեղասպանական հանցագործությունների բնույթը։
ԼՂ-ում ականազերծման աշխատանքներով զբաղվող HALO Trust կազմակերպությունը նույնպես մտահոգված է Լաչինի միջանցքի արգելափակմամբ։ Տարածած հայտարարության մեջ նշվում է, որ HALO- Trust ԼՂ-ում ունի մոտ 100 տեղացի աշխատակիցներ, ու նրանք փաստում են, որ կա սննդի և այլ պարագաների հասանելիության խնդիր և կազմակերպությունը պատրաստ է իրավիճակի արագ հանգուցալուծման հարցում օգնել, մասնավորապես՝ անհրաժեշտության դեպքում համակարգել հումանիտար օգնությունը։
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսն էլ հայտնել է, որ ԱՄՆ-ն իր գործընկերների ՝ ԵԱՀԿ, ԵՄ հետ շարունակում է ներգրավված մնալ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությանը և Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող խնդիրների լուծմանն ուղղված ջանքերում:
Նա սակայն շեշտել է, որ Վաշինգտոնը ցանկանում է, որ կողմերն իրենք առաջընթաց գրանցեն ։ Հակամարտության համապարփակ լուծումը Միացյալ Նահանգների որոշելու հարցը չէ, ասել է Փրայսը։
Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիի միջազգային հարցերով ավագ խորհրդական Ալի Աքբար Վելայաթին էլ վերահաստատել է, որ Իրանը տարածաշրջանում չի ընդունի ներկայիս սահմանների որևէ փոփոխություն։



















