Ծառայության ընթացքում աչալուրջ եղե՛ք և, որ ամենակարևորն է, դժվարությունները հաղթահարեք միասի՛ն՝ ուս ուսի տված. Լոռու մարզպետ
Այսօր ՀՀ ՊՆ Լոռու մարզի զինվորական կոմիսարիատի Վանաձորի բաժանմունքից պարտադիր ժամկետային զինվորական ծառայության են մեկնել ձմեռային զորակոչի առաջին նորակոչիկները: Միջոցառումը մեկնարկել է հանդիսավորությամբ: Ժամկետային զինծառայության մեկնող տղաներին ճանապարհելու էր գնացել մարզպետ Արամ Խաչատրյանը:

Ներկա են եղել նաև Վանաձորի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, Փամբակ համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանը, մարզային և համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ, նորակոչիկների հարազատները, ընկերները։
Մարզպետը տղաներին մաղթել է անփորձանք ծառայություն ու բարի վերադարձ հայրենի օջախներ:

«Վստա՛հ եմ՝ մեր բանակի շարքերը համալրելու եք մեկ կարևոր գիտակցումով՝ հայրենասիրությամբ ու հայ տղամարդուն վայել արժանապատվությամբ: Ծառայության ընթացքում զգոն ու աչալուրջ եղե՛ք, պահե՛ք անվտանգության կանոնները և, որ ամենակարևորն է, դժվարությունները հաղթահարեք միասի՛ն՝ ուս ուսի տված», -ասել է նա։

Նորակոչիկներին օրհնության ու բարեմաղթանքի խոսք է հղել Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու ավագ քահանա տեր Վահան Ազարյանը՝ իր աղոթքում խաղաղություն հայցելով մեր երկրի համար և անվտանգ ծառայություն՝ բոլոր զինվորների:



















