Եվրախորհրդարանն այսօր «Լեռնային Ղարաբաղում շրջափակման մարդասիրական հետեւանքների մասին» հրատապ բանաձեւ է ընդունել ։

Խորհրդարանը ափսոսանք է հայտնում ծանր հումանիտար ճգնաժամի համար, որն առաջացել է Ադրբեջանի ինքնահռչակ բնապահպանների կողմից Լեռնային Ղարաբաղում Լաչինի միջանցքի ներկայիս շրջափակման հետևանքով։

Հաշվի առնելով, որ միջանցքը Լեռնային Ղարաբաղը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհն է, Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են անում Ադրբեջանին անհապաղ վերաբացել այն՝ ապահովելու ազատ տեղաշարժը և անհրաժեշտ ապրանքների և ծառայությունների հասանելիությունը:

Բանաձևն ընդգծում է Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի անհրաժեշտությունը, որը կերաշխավորի Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը։ Այն կոչ է անում թույլ տալ միջազգային կազմակերպություններին մուտք գործել տարածք՝ անհրաժեշտ մարդասիրական օգնություն տրամադրելու համար, ինչպես նաև ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ փաստահավաք առաքելությանը մեկնել Լաչինի միջանցք՝ տեղում հումանիտար իրավիճակը գնահատելու համար:

Բացի այդ, Եվրախորհրդարանի պատգամավորները դատապարտում են տարածաշրջանում ներկա ռուս խաղաղապահների «անգործությունը» և գտնում են, որ դրանք պետք է փոխարինվեն ԵԱՀԿ միջազգային խաղաղապահներով։ Նրանք նաև խրախուսում են ԵՄ-ին երաշխավորել, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչները « Բաքվի գործողությունների, Ռուսաստանի ապակառուցողական դերի կամ Մինսկի խմբի անգործության պատանդ չլինեն»:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն