Ստեղծվել է «Փրկենք Ղարաբաղը» կոալիցիան՝ պաշտպանելու ցեղասպանության վտանգի առաջ կանգնած հայ քրիստոնյաներին
Արցախի ժողովրդի դեմ ադրբեջանական շարունակվող ագրեսիային ի պատասխան` մի շարք հասարակական կազմակերպություններ և ակտիվիստներ հունվարի 27-ին կհավաքվեն ԱՄՆ Կապիտոլիումի մոտ՝ հայտարարելու «Փրկենք Ղարաբաղը» կոալիցիայի մեկնարկի մասին:
Կոալիցիայի կազմում կներառվեն Կոնգրեսի անդամներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, ՀԿ և կրոնական առաջնորդներ, որոնք աշխատում են Լեռնային Ղարաբաղի հայերին փրկելու համար:
Ավելի քան 40 օր՝ դեկտեմբերի 12-ից սկսած, Ադրբեջանի կառավարությունը փակել է Լաչինի միջանցքը՝ Արցախը և 120,000 հայ քրիստոնյաներին Հայաստանի Հանրապետությանը և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը։
«Փրկենք Ղարաբաղը» կոալիցիայի անդամները հայտնում են իրենց համերաշխությունը պաշարված Արցախի ժողովրդին և պարտավորվում են միասին աշխատել՝ մոբիլիզացնելու լրատվամիջոցների ուշադրությունը։
Կոալիցիան կոչ է անում ԱՄՆ կառավարությանը ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ պաշտպանելու Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը, տնտեսական ճնշում գործադրել Ադրբեջանի վրա` շրջափակումը վերացնելու նպատակով։
Կեսօրից հետո՝ ժամը 14:00-ին, տեղի կունենա բողոքի ցույց Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան մոտ։



















