Կարմիր կամ սև բերետավորները Եռաբլուրում ի՞նչ գործ ունեին, այն հսկում է ռազմական ոստիկանությունը․ զոհվածի հայր
Այս իշխանություններից ոչ մի սպասելիք չունեմ, որ կարող է իրենց համապատասխան կառույցներին պատժի ենթարկեն, բոլորն էլ լավ գիտեն՝ դրանք ինչ գործառույթ են իրականացնում։ Այս մասին ՔԿ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց զոհված զինծառայողներից մեկի ծնողը՝ անդրադառնալով սեպտեմբերի 21-ին Եռաբլուրից զոհվածների ծնողներին բռնի ուժով բերման ենթարկելու դեպքին։
«Այստեղ բացահայտելու բան չկա, նկարները կան, մարդիկ իրենց բերանով ասում են՝ մենք արել ենք ու իրենց ներողությունն են խնդրում, բայց քրեական մարմինները ոչ մի պատասխանատվության չեն ենթարկում»,- ասաց ծնողը։
Նա նշեց, որ իրենց ցանկությունն է, որ պատասխանատվոթյուն կրեն բոլորը՝ թե՛ հրամանը կատարողները, թե՛ հրաման տվողները։
«Ծնողներին ճանապարհը ազատելու զգուշացում չի եղել, միանգամից հարձակվում են ու բռնի ուժով տանում։ Այնտեղ օրինական ինչ - որ բան եղե՞լ է, նախ ոստիկանը այնտեղ ի՞նչ գործ ունի՝ այդ տարածքը հսկում է զինվորական ոստիկանությունը, կարմիր կամ սև բերետավորները ի՞նչ գործ ունեն այնտեղ»,-ասաց զոհվածի հայրը։



















