Փաշինյանի խոստացած մուղամով խաղաղությունը պակաս ապոկալիպտիկ չի լինելու:
Քարոզարշավի, և նրա բովանդակության մասին դեռ կխոսեմ: Հիմա միայն ասեմ, որ Փաշինյանը Ալիևի ձեռքը սեղմելով է քարոզարշավ անում: Նպատակը պարզ է, հասարակության մոտ խաղաղության պատրանք ստեղծել: Զուգահեռաբար իհարկե կասի, որ եթե այլ ուժի ընտրեն, պատերազմ է լինելու: Հիմա էլ է տարբեր առիթներով ասում, բայց դեռ ամբողջ թափով չի լծվել գործի: Դեռ ապոկալիպտիկ պատմություններով չի վախեցնում ընտրողին: Նման քարոզչությամբ հույսը հերթական անգամ դնելու է մարդկանց կարճ հիշողության, միամտության և վախերի վրա: Որովհետև լավ հիշողություն ունեցող մարդիկ չեն մոռացել, որ 2021 թվականի ընտրություններին, բացի բանտիկով մուրճը թափահարելուց, նա իր քարոզարշավը կառուցել էր հենց այն բանի վրա, որ իրեն ընտրելու դեպքում, մարդիկ ընտրում են խաղաղությունը, իսկ ընդդիմությանը եթե ձայն տան, պատերազմ է լինելու: Մարդկանց մի մասը տարբեր պատճառներով խաբվեց, և հավատաց: Շատ ժամանակ չանցած եղան Ջերմուկի և մնացած դեպքերը: Հիմա էլ Ալիևը չի դադարել խոսել ,,Արևմտյան Ադրբեջանի,, մասին, նա բաց տեքստով ասում է, որ ադրբեջանցիները պետք է գան Հայաստան, և ոչ մի խոսք հայերի Ադրբեջան վերադառնալու մասին: Ընտրողը ոչ թե պետք է նայի ցուցադրական ձեռքսեղմումներին, այլ տեղյակ լինի Ալիևի ծրագրերից, որոնք նա առանձնապես չի թաքցնում: Իրականում ապոկալիպտիկ տեսարաններ տեսել ենք բոլորս Փաշինյանի իշխանության օրոք, սակայն իր բերած մուղամով խաղաղությունը պակաս ապոկալիպտիկ չի լինելու: Հուսով եմ, որ այս անգամ, հասարակության գոնե մեծ մասը չի խաբվի շոու հիշեցնող ջան-ջիգյարով Ալիևի հետ, և գոնե այսքան ուշացումով, բայց այլևս չի ընտրի Հայաստանի կործանումը: Վերջում ավելացնեմ, որ աչքովս ընկավ, թե ինչպես է թուրքական թերթերից մեկը՝ Daily Turkic-ը իր հրապարակման մեջ գրել, որ հավաքվել էին թուրքական աշխարհի լիդերները, և ի թիվս Ալիևի ու Տոկայևի, նշել էին նաև Փաշինյանին: Ես կարծում եմ, որ հետևություններ վաղուց արդեն պետք է արած լինեք, այնուամենայնիվ նախընտրական շրջանում ավելորդ չեմ համարում մեկ անգամ ևս ասել՝ հետևություններ արեք ինքներդ:






























