Ինչքան էլ մարդահաշիվ չանենք իսանամեկին (մարդամեկ ասելն էս դեպքում հաճոյախոսություն է), ստիպված ենք ընդունել, որ իշխանության գալու առաջին իսկ ժամից հանրային օրակարգ թելադրողն ինքն է: Արդեն կարևոր էլ չէ, թե քանի հոգի է ներսուդրսերում այդ օրակարգը մշակում-տալիս սրա ձեռքը, կարևորն այն է, որ ութ տարի անընդմեջ մարդկանց խոսքուզրույցի անփոփոխ թեման իսանամեկն ու սրան շրջապատող մյուս իսաններն են: Տպավորություն է՝ ասես ազգովի բազմասերիանոց վավերագրական ֆիլմ ենք դիտում, հետո էլ անցնում հերթական էպիզոդի քննարկմանը: Ընդ որում, խոհանոցներին ու «բեսեդկաներին» տիրաբար փոխարինելու է եկել համացանցը՝ «փչացած հեռախոսի» գործառույթը մեկընդմիշտ սեփականաշնորհելով: Ֆեյսբուքն այս առումով անգերազանցելի է, ինչից էլ հմտորեն օգտվում են իսանամեկն ու իսանաթայֆան: Հատկապես՝ իսանամեկը, որ ամեն առավոտ ֆեյսբուքյան իր «գրատախտակին» ծեփում է օրվա «առաջադրանքն» ու գնում «երկրի հակառակ կողմը»: Սկսվում է վիրտուալ Հայաստանի բուռն առօրյան: Ֆեյսբուքահայությունը բաժանվում է երկու անհավասար մասի՝ կողմնակիցներ ու ընդդիմախոսներ: Երկուսն էլ լծվում են «առաջադրանքի» կատարմանը: Կողմնակիցները «գովաբանական ճչանիկներ» են գրում (վինիթուխյան տառաճանաչությունն այս գործում լրիվ բավարար է), ընդդիմախոսները գրագիտության մաստեր-կլաս են ցույց տալիս, ընդ որում, գրական բոլոր ժանրերով: Եվ բոլորը գոհ են: Բոլորն էլ զբաղված են: Պարապ մարդ չկա: Օրակարգից շեղվող՝ նույնպես: Առավել ճարպիկներն, իհարկե, «օրապահիկ» էլ են ստանում, մեկը՝ իշխանական, մյուսը՝ ընդդիմադիր «կերակրատուփից»:

Եվ այսպես՝ կլոր ութ տարի:

Զարմանալու ունակությունը չկորցրածները թող շարունակեն զարմանալ, թե ինչպե՞ս ենք հանդուրժում այս ծաղրուծանակը, օրակարգային առաջադրանքի մեջ ոչ մի կերպ չտեղավորվող անուղղելի պրագմատիկներն էլ թող նույն հարցն ուղղեն ընդդիմախոս-զարմացողներին. (կողմնակիցները լրիվ անհույս են). իսկ ուր է ձե՛ր օրակարգը, որտեղ իսանամեկի ո՛չ իզն է երևում, ո՛չ թոզը: Հարցն ուղղված է առաջին հերթին ընդդիմադիր համարվող լրատվամիջոցներին: Կարո՞ղ եք այնպես կազմակերպել ձեր աշխատանքը, որ սրա ոչ ցիլոն երևա օրվա լրահոսում, ոչ կնիկարմատի լաչառ ձայնը լսվի: Ընդդիմադիր քաղաքական ուժերի պակաս չունենք, ընտրություններն էլ՝ քթի տակ, ձեր լրագրողներին ու օպերատորներին ուղարկեք նրանց դուռը՝ թող համացանցը հեղեղեն տեսանյութերով ու լուսանկարներով, հակիրճ հեղինակային հոդվածներով: Պատկերացնու՞մ եք սրա մանդրաժը, երբ տեսնի, որ միայն իր թմբուկի տակ պարող լրատվականներն են ժամանել հերթական «համերգին»: Եվ այսպես՝ մինչև հունիսի 7-ի ընտրություններ: Սեփական անձի կարևորությամբ տառապողի մահացու թշնամին անտեսված լինելու իրողությունն է, ստեղծեք այդ իրողությունը նախընտրական այս կարճ ժամանակահատվածում, դուրս մղեք սրանց ձեր օրակարգից, և շատ կարևոր մի բան տեղից կշարժվի՝ հանրային ընկալումը: Ի վերջո, դա ձեր թիվ մեկ առաքելությունն է՝ նպաստել հասարակական կարծիքի ձևավորմանը: Նպաստե՛ք, ուրեմն, գրողը տանի, վախենում եք՝ ընթերցումներ ու դիտումնե՞ր կորցնել, նաև՝ փո՞ղ: Թե՞ լրագրողական էթիկան թույլ չի տալիս արհամարհել «հայրենի» իշխանությանը, որն անսքող թքա՛ծ ունի հայրենիքի վրա էլ, լրատվամիջոցների վրա էլ, մնացած բոլորի վրա էլ՝ վերից-վար:

Իսկը «Կովկասի գերուհու» վիճակում ենք հիմա. կամ սա մեզ կտանի «զագս», այսինքն, ընտրությունների՝ ի՛ր օրակարգով, կամ մենք մե՛ր օրակարգը կթելադրենք ու կտանենք սրանց «դատախազի» մոտ, այսինքն՝ դատախազի:

Քիչումիչ ժամանակ կա դեռ:

Դեռ կա:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ