ԱՀԿ-ն հայտնել Է Մերձավոր Արևելքում հնարավոր միջուկային միջադեպի նախապատրաստման մասին
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) աշխատակիցները պատրաստվում են Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտության ֆոնին միջուկային զենքի կիրառման կամ միջուկային օբյեկտի վրա հարձակման սցենարին։ Այս մասին մարտի 18-ին հայտարարել է ԱՀԿ Արևելյան Միջերկրականի տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Հանան Բալխին։
«Վատթարագույն սցենարը կլինի միջուկային միջադեպը և հենց դա է մեզ ամենից շատ անհանգստացնում»,- ասել է նա Politico թերթին տված հարցազրույցում։
Բալխին նշել է, որ կազմակերպության մասնագետները ուշադիր հետևում են Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումների հետևանքներին և բարձր զգոնություն են պահպանում՝ տարածաշրջանում աճող սպառնալիքների պատճառով։ Նրա խոսքով՝ միջուկային միջադեպը իրադարձությունների զարգացման ամենավտանգավոր տարբերակն է և այն մեծ տագնապ է առաջացնում բժիշկների շրջանում։ Նա ընդգծել է, որ նման աղետին լիարժեք պատրաստվել հնարավոր չէ, քանի որ մարդկանց առողջությանը և էկոլոգիային հասցված վնասի մասշտաբներն ահռելի կլինեն։
Բալխին պարզաբանել է, որ միջուկային զենքի իրական կիրառման կամ միջուկային օբյեկտի վնասման դեպքում հետևանքները կզգացվեն ոչ միայն հակամարտության գոտում, այլև ողջ աշխարհում (տասնամյակներ շարունակ)։ Այս պահին ԱՀԿ անձնակազմը վերապատրաստում է անցնում ճառագայթային սպառնալիքի պայմաններում գործելու համար։ Կազմակերպության ղեկավարությունը հույս է հայտնել, որ վատթարագույն սցենարից կհաջողվի խուսափել։
«Մենք մտածում ենք այդ մասին և հույս ունենք, որ դա տեղի չի ունենա»,- եզրափակել է Բալխին։
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ






































